Թովմասյանը ԵՄ դեսպաններին հայտնել է ցույցերի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։

Տեղեկությունը նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում և հավելել, որ հանդիպման ընթացքում բարձրաձայնել է խաղաղ բողոքի ակցիաների իրականացման այս ողջ ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդրահարույց հարցեր։

«Խոսել եմ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող մեր քաղաքացիների նկատմամբ ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գործադրվող անհամաչափ ուժի, լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքերի, պատգամավորների բերման ենթարկման և անձեռնմխելիության խախտմանն առնչվող հարցերի մասին»,– նշել է Թովմասյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

Նշենք, որ մոտ մեկ ամիս ՀՀ–ում ընթացող ընդդիմության բողոքի ակցիանների ժամանակ երբեմն ոստիկանությունը անհամաչափ, բիրտ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ։

Sputnik Արմենիա