Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԻՆ ՍԵՎ ՄՈՒԹ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ

Հայաստանի գլխին սև մութ ամպեր են կուտակվում. ավելի ճիշտ կուտակում են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա նաև նշել է. «Իշխանությունները, բնավորության համաձայն, խաղեր են տալիս մերթ Արևմուտքի մերթ ՌԴ հետ։ Մայիսը կարելի է համարել Արևմուտքի միամսյակ։ Նախ, անհաջող եռակողմ հանդիպում Բրյուսելում Ալիևի մասնակցությամբ։ Արցախի հանրապետության մասին ոչ մի խոսք, կծկտուր ակնարկներ կուլտուր ավտոնոմիայի ուղղությամբ։ Սա ի դեպ ի գիտություն եվրամետների։

Այնուհետև ՀՀ նախագահը Դավոսում հանդիպում է ՌԴ թշնամի երկրների նախագահներին (Լեհաստան, Լիտվա, Լատվիա, Էստոնիա), հրավիրում նրանց Հայաստան։ Ի՞նչ գործ ունես։ Դիտավորյալ ե՞ս անում, թե ուրիշ մեկին չես գտնում, որ քեզ հետ հանդիպի։

Այս ամենի զարդը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը դարձավ։ Երեկ հայտնի դարձավ, որ նրա ղեկավարած հիմնարկը ՀՀ ֆոնդային բորսայի 65%-ը վաճառել է լեհերին։ Սա, ենթադրում եմ, իսպառ կվերացնի ռուսական, չինական ու իրանական ընկերությունների ցուցարկումը հետայսու։ Մինչդեռ այդ 3 երկրների հետ ՀՀ տնտեսական կապերի 50%-ն ունենք։

Մ. Գալստյանի մյուս «քաջագործությունը» դրամի արժևորումն է. նա պարզապես չի չեզոքացնում արտարժույթի ժամանակավոր բնույթ ունեցող դրական հոսքերը։ Արդյունքում՝ տնտեսական շարունակվող լճացում։ Իրոք ոչ մի լավ բան չի երևում»:

News.am