ՌԴ ՊՆ․ ՌԴ-ի ու ԴԺՀ-ի զինվորականներն ազատագրել են Կրասնի Լիման քաղաքը

Ռուսաստանի զինված ուժերն ու ԴԺՀ-ի զորքերն ազատագրել են Կրասնի Լիման քաղաքը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում Կրասնի Լիման քաղաքը լիովին ազատագրվել է ուկրաինացի ազգայնականներից», - ասել է գեներալը:

Կոնաշենկովն ավելացրել է, որ ՌԴ ավիացիան ոչնչացրել է ուկրաինական բրիգադների կառավարման կետերը։

«Խոցվել են հրամանատարական 5 դիտակետեր, կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 17 շրջան, ԴԺՀ-ի Նիրկովո, Բախմուտ ու Միրնովկա շրջաններում ոչնչացվել են զինամթերքի 4 պահեստներ»,- ասել է նա:

Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան մեկ օրում խոցել է կառավարման 6 կետ, կապի հանգույց, զինամթերքի 4 պահեստ ու «Գրադների» 2 մարտկոց, ոչնչացվել են ավելի քան 260 ազգայնականներ։

Գեներալի խոսքով` ռուսական ՀՕՊ համակարգերը մեկ օրում խոցել են 18 ԱԹՍ և մեկ ՄԻ-8 ուղղաթիռ:

«Ռազմական գործողության ամբողջ ընթացքում ոչնչացվել է 182 ինքնաթիռ, 128 ուղղաթիռ, 1045 ԱԹՍ, 324 զենիթային հրթիռային համալիր, 3297 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 444 կայանքներ, 1714 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 3245 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ամփոփել է Կոնաշենկովը:

Sputnik Արմենիա