Սաքո Արյան. Իշխանությունները նպատակ են ունեցել խզելու կապը հայրենիքի և սփյուռքի միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Արևելք» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագիր Սաքո Արյանը «Քաղբանտարկությունը ժողովրդավարական բաստիոնում. օրենք և ամենաթողություն» խորագրով Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած քննարկման ընթացքում կտրուկ քննադատության է ենթարկել ներկայիս իշխանությունների դիրքորոշումը սփյուռքի հարցում:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հարձակում են նախաձեռնել երեք ուղղությամբ. Հայ Առաքելական եղեկոցու, հայկական ազգային կրթության և սփյուռքի նախարարության նկատմամբ:
«Անկասկած կհիշեք, որ այո, սփյուռքի նախարարությունը քննադատներ ուներ, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այն դարձել էր մի կառույց, որն ամեն կերպ աջակցութուն էր տրամադրում մեր հայրենակիցներին, որոնք փրկվել են Սիրիայում պատերազմի դաժան ժամանակ: Եվ մասնագիտական առումով, որպես լրագրող ես այդ ամենը վերապրել, վավերագրել եմ»,- ընդգծել է Սաքո Արյանը:
Լրագրողն ընդգծել է, որ սփյուռքի նախարարության դերակատարության նմանօրինակ նվազեցմամբ, նախարարի պաշտոնը լիազոր ներկայացուցչի պաշտոնի հասցնելով՝ փորձ է արվել խզելու կապը հայրենիքի և սփյուռքի միջև:
Սակայն Սաքո Արյանը նկատել է, որ դա իրականություն չի դառնա, քանի որ սփյուռքը այնպիսի կառույց է, որը գոյություն ունի ոչ մեկ տարի, այն ամուր արմատներ և գաղափարախոսություն ունի:
Նա հավելել է, որ այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնք հարգանքի են արժանի, տեղեկացնում է News.am-ը: