Զաս․ ՀԱՊԿ-ը որևէ երկրի հետ չի բանակցում կազմակերպությանն անդամակցության հարցով

ՀԱՊԿ-ն այս պահին ոչ մի երկրի հետ չի բանակցում կազմակերպությանն անդամակցության հարցով։ Այս մասին «Խորհրդարանական թերթ»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Կազմակերպության իրավական դաշտը նախատեսում է իրեն նոր պետությունների միանալու ընթացակարգ։ Կանոնադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած երկիր, որը կիսում է ՀԱՊԿ-ի նպատակները, խնդիրները ու սկզբունքները և պատրաստ է ստանձնել համապատասխան պարտավորություններ, կարող է դիմել անդամակցության համար։ Ձևավորվել է նաև ՀԱՊԿ գործընկերների և դիտորդների իրավական ինստիտուտը՝ պետություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք կիսում են մեր տեսակետներն ու նպատակները, հնարավորություն ունեն ստանալ նման կարգավիճակ և մասնակցել անվտանգության ապահովման ընդհանուր խնդիրների իրականացմանը՝ հաշվի առնելով իրենց շահերը։

Ներկայումս մենք նման բանակցություններ ոչ մեկի հետ չենք վարում։ Միաժամանակ մենք կազմակերպությունում աշխատանքն ու արտաքին գործընկերների հետ համագործակցության ալգորիթմը կազմակերպել ենք այնպես, որ վստահորեն վերահսկենք իրավիճակը մեր պատասխանատվության ոլորտում»,- նշել է նա։

Խոսելով այն մասին, թե ժամանակակից որ մարտահրավերներն ու սպառնալիքներն են առավել արդիական ՀԱՊԿ-ի համար և ինչպիսին են դրանց չեզոքացման հեռանկարները, Զասը նշել է, որ «վերլուծելով կազմակերպության պետությունների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու վտանգները՝ մենք թվարկել ենք հակամարտության գոտիները, որոնք գոյություն ունեն մեր երկրների մոտակայքում՝ ՆԱՏՕ-ի ակտիվացումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, Աֆղանստանում իրավիճակի հետ կապված ռիսկերը»։ «Այսօր ափսոսանքով կարող ենք արձանագրել համաշխարհային անվտանգության համակարգի ճգնաժամը որպես այդպիսին. տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող պայմանագրերն իրականում այլևս չեն գործում, մի շարք առաջատար խաղացողների միջև անվստահության մակարդակը հասել է կրիտիկական կետի։ Ընդ որում, վերը նշված տարածաշրջանային մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն չեն կորցրել իրենց սրությունը, այլ աճող գլոբալ անորոշության պատճառով դրանք սրվելու միտում ունեն»,- նշել է նա։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի սկզբունքային դիրքորոշումը մնում է նույնը՝ «Մենք համոզված ենք բոլոր առկա հակասությունների քաղաքական կարգավորման անհրաժեշտության մեջ և դրան ենք կոչ անում բոլոր այն ուժերին, որոնցից կախված է միջազգային անվտանգության վիճակը։ Դրա հետ մեկտեղ մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները կազմակերպության անդամ երկրներում խաղաղության և կայունության ամրապնդման համար և պատրաստ ենք 24/7 ռեժիմով պաշտպանել նրանց շահերը»։

News.am