Իշխան Սաղաթելյան․ Փորձ են անում բերման ենթարկված տղերքի վրա գործ հարուցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գնացել ենք կառավարության 3-րդ մասնաշենք, շատ քաղաքակիրթ կերպով ասել ենք, որ ոչ մի շենք չենք շրջափակում, պատգամավորները պետք է բարձրանան նախարարության շենք, հանդիպեն նախարարներին և ասեն՝ այս փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում հայտնեն. Բայց քանի որ չունեն դիրքորոշում, կամ այդ դիրքորոշումը շատ նման է Ալիևի դիրքորոշմանը, և այդքան համարձակություն չունեն հակադրվելու Նիկոլին կամ հակադրվելու ժողովրդին, գերադասեցին ոստիկանական ուժերով օրենքի պահանջներին դեմ գնալ և թույլ չտալ, որ պատգամավորները բարձրանան շենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը խայտառակություն է:
«Սա խայտառակություն է, ինչո՞ւ եք այդքան վախեցել, արա՛: Իրենք «արա» են ու իրենց այդպես են պահում։ Ունենք մի քանի հարյուր բերման ենթարկված, կիրառվել է խայտառակ բիրտ ուժ, այդ թվում պատգամավորների նկատմամբ՝ ամենալկտի, այլանդակ ձևով: Ու հիմա էլ փորձ են անում բերման ենթարկված տղերքի վրա գործ հարուցեն: Այսինքն փոխանակ ոստիկանության ապօրնի գործողությունների դեմ գործ հարուցվի, հարուցվում է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ընդամենը ասում էին՝ պատգամավորները պետք է հանդիպեն նախարարների հետ»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հավելեց, որ պետք է բոլորը հայտարարեն, որ որևէ պարագայում իշխանություն չեն ուզում. «Հայտարարում ենք, որ սա նախընտրական հավաք չի, կուսակցական պայքար չէ, համազգային շարժում է հանուն Արցախի ու Հայաստանի»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման անդամները առավոտից երթով հասել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաև որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջև:
Կան տուժածներ և բազմաթիվ բերման ենթարկվածներ: Պատառոտված են ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի շապիկը, հարված էր ստացել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հարվածներ էր ստացել նաև Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը, որի վերնաշապիկը պատառ-պատառ էր եղած:
Ցուցարարները կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից երթով շարժվեցին Նալբանդյան փողոցով դեպի վեր: