ԱՐՑԱԽՑԻ ԼԱՈՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԶԱՐԹՆԵԼ Է. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Մայիսի 28-ը կարող է շրջադարձային դառնալ Դիմադրության շարժման համար, և դա բավական խորհրդանշական կլինի։ Երևանում և Ստեփանակերտում գրեթե զուգահեռաբար անցկացված տպավորիչ հանրահավաք-երթերը, ըստ էության, նշանավորեցին հայ ժողովրդի երկու հատվածների միավորումը Արցախի և Հայաստանի թուրքացման դեմ պայքարում: Բազմահազարանոց ցույցերը հայոց երկու մայրաքաղաքներում, նույն կարգախոսներն ու պահանջները, հոգեկան ցնցումից ուշքի գալու և ընդարմությունից սթափվելու նույն մթնոլորտը և հույսի վերածնունդը, որ դեռևս ուշ չէ փրկել Հայրենիքը. այս ամենը շարժման մասնակից բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի շարունակական պայքարի, տեղեկատվական ու լուսավորչական գործունեության արդյունքն էր:

Արցախի միացումը դիմադրության շարժմանը՝ առնվազն հասարակական մակարդակով, այլևս փաստ է։ Ընդ որում հարկ է նշել, որ ավելի վաղ ակցիաներ են տեղի ունեցել Արցախի շրջաններում՝ Մարտունիում, Մարտակերտում, և Ստեփանակերտի, տարբեր տվյալներով՝ շուրջ 10 հազար մարդու մասնակցությամբ հանրահավաքը վերջնականապես ամրագրեց դա: Տրամաբանական է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու անհնարինության թեզի առանցքային պահանջով Շարժումը ձևավորվեց Երևանում, բայց նույն տրամաբանությունը թելադրում էր իրենց ապագան կանխորոշող գործընթացին հենց արցախցիների միանալու անխուսափելիություն։

Ընդ որում խոսքը բնավ միայն ընդդիմադիր ուժերի մասին չէ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի առաջին զոհը դարձած Արցախի ժողովուրդը, արյունաքամ ու կարծես թե կոտրված վիթխարի կորուստներից, չէր կարող չսթափվել, չզարթնել լեթարգիայից ու չելնել պայքարի: Հարցը լոկ այն էր, թե երբ դա տեղի կունենար։

Ճիշտ այնպես, ինչպեսև Հայաստանի իշխանությունների թուրքամետ քաղաքականության դեմ աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվող ակցիաները, արտերկրի հայերի գալուստն ու մասնակցությունը երևանյան միջոցառումներին, ազդանշանում են Շարժմանը Սփյուռքի ցուցաբերած աջակցության ու միանալու մասին։ Դրանով իսկ ոչ միայն վերահաստատելով հայ ժողովրդի զարթոնքն ու իր Հայրենիքի ապագայի համար պայքարելու պատրաստակամությունը, այլև նոր իմաստ ու նշանակություն հաղորդելով Հայաստան-Արցախ-Սփյուռք երբեմնի եռամիասնությանը: Եռամիասնություն, որն էլ և կարող է դուրս բերել հայոց պետությունը այն աղետալի վիճակից, որի մեջ նրան միտումնավոր գցել է նիկոլաթուրքերի դավաճան ռեժիմը։

Ստեփանակերտի հանրահավաքը կոչված էր նաև հաստատելու այն դրույթի անխախտելիությունը, որը նախկինում պաշտոնական մակարդակով բազմիցս արտահայտվել է հանրապետության խորհրդարանի հայտարարություններում. Արցախի ճակատագիրն իրավունք ունի որոշելու միայն այդ հողի տերը՝ այնտեղ ապրող ժողովուրդը: Փաշինյանին ոչ ոք Արցախի անունից բանակցելու և հարցը լուծելու լիազորություն չի տվել։ «Նիկոլ դավաճա՛ն», «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան». այս կարգախոսները, որոնք վաղուց ու բարձր հնչում են ՀՀ մայրաքաղաքում և մարզերում՝ հատկապես վերջին ամիսներին, 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ նույնքան հստակ հնչեցին Ստեփանակերտում։

Եվ այդ ուղերձները, դատելով ամենից, հասել են նրանց ականջներին, ում հասցեագրված էին։ Եվ ոչ միայն հասել, այլև սաստիկ մտահոգել նրանց։ Դրա համոզիչ վկայությունն է պաշտոնական և իշխանամետ մեդիառեսուրսների արձագանքը, որոնք լավագույն դեպքում շրջանցեցին ակցիան մեռյալ լռությամբ, իսկ վատթարագույն դեպքում՝ սկսեցին եռանդագին հերքել անհերքելի փաստերը։

Այսպես, փաշինյանական քարոզչության տխրահռչակ «ֆլագմանը»՝ Araratnews կայքը, հրապարակել է «Ստեփանակերտում տեղի է ունեցել մեծ համերգ, ոչ ավելին» վերնագրով մի գրառում, որում ժխտվում է կայացած հանրահավաքի բուն փաստը, թեև լուսանկարներով ու տեսանյութերով, ինչպեսև ընդդիմադիր քաղաքական գործիչների ելույթներով ու բազմամարդ երթի մասնակիցների հետ հարցազրույցներով բառացիորեն հեղեղված են և՛ սոցցանցերը, և՛ անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցները…

Տհաճ սկանդալ բռնկվեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի շուրջ, որն իր ֆեյսբուքյան էջում գրել էր համերգի մասին՝ իսպառ շրջանցելով զանգվածային հանրահավաքի փաստը։ Հասարակական-քաղաքական հարգարժան գործչի հասցեին անմիջապես քննադատական նետեր արձակվեցին՝ մեղադրանքով, թե նա երևանյան իշխանությունների հրահանգով ձայնակցում է Փաշինյանի ստախոս քարոզչությանը։ Բեգլարյանն արձագանքեց ընդարձակ տեքստով, արդարանալով, թե պետք չէ շփոթել երկու տարբեր միջոցառումներն ու քաղաքականացնել իր գրառումը, ինչպես նաև պահանջելով չներքաշել իր անձը ներքաղաքական հաշվեպարզումների մեջ։

Մենք, իհարկե, չենք պատրաստվում միջնորդ դատավորի դերում հանդես գալ այս տհաճ պատմության մեջ, թեև դժվար է չհամաձայնել նրանց հետ, ովքեր վստահ են, որ Փաշինյանը պարզապես օգտագործել է Արտակ Բեգլարյանին, այդ թվում՝ նրան վարկաբեկելու նպատակով։ Սակայն ամեն դեպքում Արցախի ղեկավարության, առաջին հերթին՝ պետնախարարի և նախագահ Հարությունյանի առջև արդեն ամենայն անխուսափելիությամբ ու սրությամբ ծառանում է ընտրության խնդիրը. ո՞ւմ հետ են իրենք, Արցախի մնացած մասն էլ հանձնելու և հայկական երկրորդ պետության վրա դրանով իսկ վերջնականապես խաչ քաշելու իր մտադրությունները չթաքցնող դավաճանի, թե՞ կապիտուլյանտի ու նրա խունտայի հրաժարականը պահանջող ժողովրդի։

Անշուշտ, Արայիկ Հարությունյանն իրեն լիովին վարկաբեկել է դեռևս պատերազմի օրերին՝ որպես Փաշինյանի հավատարիմ հանցակից, բացարձակապես անարժան գտնվելով վճռորոշ ժամանակահատվածում իրեն բաժին ընկած պատմական առաքելությանը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նա իր պաշտոնում մնաց գլխավորապես այն բանի շնորհիվ, որ պաշտոնում մնաց ինքը՝ Նիկոլը, իսկ մասամբ ՝ հանրապետությունում տիրող ծայրահեղ խոցելի իրավիճակի և փխրուն կայունության, որն անթույլատրելի է սասանել։ Պատերազմից հետո անցած մեկուկես տարվա ընթացքում նա մշտապես խուսավարել ու մանիպուլյացիաների է դիմել, խուսափելով հստակ ու միանշանակ գնահատականներից ու հայտարարություններից, հատկապես Հայաստանի իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։

ԲԵՐԵՄ ԱՄԵՆԱԹԱՐՄ ՕՐԻՆԱԿԸ։ Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո, ելույթ ունենալով Արցախի Անվտանգության խորհրդի նիստում, Հարությունյանն, ըստ էության, կրկնեց իր երևանյան հրահանգչի կողմից Շարլ Միշելի հասցեին հնչեցված մեղադրանքները՝ հայտարարելով հանրապետության համար վերջինիս մոտեցումների անընդունելիության մասին։ Բացի այդ, նա կրկնեց Փաշինյանի դեմագոգիկ-ստահոդ հայտարարությունները, թե վերջինս իբր հավաստիացրել է իրեն, որ «որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ, և հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով»։

Թե ում է ընդ որում հիմարի տեղ դնում Հարությունյանը, որը ջանասիրաբար «չի նկատում» և՛ հենց «վարչապետի», և՛ նրա թիմակիցների բազմաթիվ ու առավել քան միանշանակ արտահայտություններն Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելուն համաձայնելու պատրաստակամության մասին, անհասկանալի է։ Մյուս կողմից, վերջնական ընտրության պահը մոտենում է անկասելիորեն, և եթե ոչ այսօր, ապա առնվազն վաղը դեռևս նախագահը պետք է վերջապես կողմնորոշվի, թե ում կողմից է ինքը, դրանով կանխորոշելով նաև սեփական ճակատագիրը. պատմության աղբանոց նետվելու դավաճանների հետ մեկտեղ, թե այնուամենայնիվ մնալու ժողովրդի հետ։ Այլ հարց է, որ 2020-ի աղետի մեջ մեղքի իր բաժնի համար պատասխանատվությունից խուսափել նրան դժվար թե հաջողվի նույնիսկ այդ դեպքում։

Այլ հարց է Արտակ Բեգլարյանը, որը, հակառակը, փայլուն է դրսևորել իրեն պատերազմի ժամանակ՝ լինելով Արցախի օմբուդսմենը։ Եվ նույնիսկ այսօրվա դրվագը չի հեղինակազրկի նրան, եթե պետնախարարը առաջիկա վճռորոշ ժամանակահատվածում ճիշտ կողմնորոշվի ստեղծված իրավիճակում և չդավաճանի սեփական կենսագրությանն ու սկզբունքներին։

Ինչպեսև, ասենք, բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն Արցախի ղեկավարության հետ և գիտակցում են պահի ճակատագրական լինելը Հայրենիքի համար. մեծի և փոքրի։