ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԶՐՈՒՅՑ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում քաղաքացիների հետ աշխատանքային զրույց։ «Դիմադրություն» շարժման անդամներն ամփոփում են այսօր տեղի ունեցած իրադարձությունները։

 


Նշենք, որ այսօր «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Կառավարության 3 շենք, պարզելու՝ Արցախի կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։  Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով, գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որը Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Հիշեցնենք, որ ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։

«Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից և չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաև պատգամավորների նկատմամբ։

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների և «Դիմադրության» շարժման մասնակիցների միջև տեղի ունեցած բախումից հետո ցուցարարները երթ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով: Նրանք վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։

Նշենք, որ վաղը՝ մայիսի 31–ին, «Դիմադրություն» շարժման մասնակիցները վերսկսելու են անհնազանդության ակցիաները, իսկ երեկոյան հավաք ու երթ կլինի։

News.am