Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննության դատական նիստը տեղի կունենա ժամը 13:30

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ նրա կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։

Նիստը կշարունակվի 31.05.2022թ-ին, ժամը 13:30, վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհ 23)։

Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է:

Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ ԱՉալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: