ԵՄ-ն համաձայնեցրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
Եվրամիության առաջնորդները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Տեղեկությունը հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում, որտեղ կայացել է Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը։
«Փաթեթը թույլ կտա արգելել Ռուսաստանից նավթի ներմուծումը։ Պատժամիջոցներն այժմ կանդրադառնան ՌԴ-ից նավթի ներկրման 75%-ին։ Իսկ մինչև տարեվերջ արգելքը դրվելու է Եվրոպա մատակարարվող ռուսական նավթի 90 տոկոսի վրա»,- Twitter-ում նշել է Միշելը։
Բացի այդ, պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է SWIFT-ից «Սբերբանկի» անջատումը:
Պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայն՝ ԵՄ-ում կարգելեն Ռուսաստանի ևս երեք պետական ԶԼՄ-ների հեռարձակումը: Եվրոպացիները նաև պատժամիջոցներ կսահմանեն կոնկրետ անձանց դեմ, որոնք, նրանց կարծիքով, պատասխանատվություն են կրում Ուկրաինայի իրադարձությունների համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: