Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում. ԱԻ նախարարը` Արցախի մասին

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը կիսում է Արցախի հարցում իշխող քաղաքական թիմի դիրքորոշումը։ Այս մասին նա հայտնեց այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով իշխող քաղաքական թիմի անդամներին ընդդիմության ուղղած հարցին։

«Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում։ Տարվող բանակցությունները ես ամբողջությամբ կիսում եմ, սա իմ անձնական դիրքորոշումն է։ Ես կարծում եմ, որ ԱԻՆ–ը և ԱԻ նախարարն իրավասու չեն նման գնահատական տալ։ Ես միայն կասեմ, որ կառավարության ծրագրով կառավարության որդեգրած յուրաքանչյուր կետ համարում եմ իմը»,–ասաց Փամբուխչյանը։

Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»–ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։

Այդ հարցով ԱԺ–ում նշանակվեց արտահերթ նիստ, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու։

Այս հայտարարությունից հետո ընդդիմությունը մայիսի 30-ին ու 31-ին անցկացված բողոքի ակցիաների շրջանակում երթով գնում է նախարարություններ` նախարարներին ուղիղ հարց տալու. «Կո՞ղմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»։

Sputnik Արմենիա