ՊԵՏՔ Է ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԵՂՔԸ։ ՆՈՐ ԶՏՈՒՄ՝ ՄԵԾ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Փաշինյանը հրամաններ է տվել և ստորագրել փաստաթղթերի տակ

Դավաճանության փաստերով գործերի հետաքննությունը վստահություն չի ներշնչում:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մատնանշել է, որ քննությունն ուսումնասիրում է պետական շահերի դավաճանության փաստերը պաշտոնական լիազորությունների չարաշահմանը վերաբերող հոդվածի շրջանակներում: Պատգամավորը հիշեցրել է, որ Փաշինյանը պատերազմի ժամանակ հռչակեց իրեն գերագույն գլխավոր հրամանատար, ուստի հետաքննությունը պետք է հիմք ընդունի նրա հրամանների գերակայությունը ՊՆ հրամանների նկատմամբ:

Մինասյանը հայտարարել է, որ Փաշինյանը հրամաններ է տվել և ստորագրություն դրել փաստաթղթերի տակ, նա չի ենթարկվել ՊՆ-ին։ «Քննությունը փորձում է ծածկադմբփոց անել ամբողջ պետական դավաճանության գործը»,- փաստել է պատգամավորը: Հայտնի է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական հայտնի պարբերականներից մեկը տեղեկություններ հրապարակեց Արցախյան առաջին ազատամարտի 44 հրամանատարների զոհվելու մասին։ Դա բնավ միայն քարոզչական հնարք չէր՝ մարտական ոգին բարձրացնելու համար…

Դուշանբեի վերելակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն

Վարկած կա, որ Դուշանբեի վերելակում բանակցություններից (2018թ.սեպտեմբերի 28) անմիջապես հետո Ալիևը Փաշինյանից պահանջել է Արցախյան առաջին ազատամարտի հրամանատարների ցուցակը։

Հիմնավոր կասկածներ կան, որ հենց այդ պահանջն է եղել գեներալներ Մանվել Գրիգորյանի, Յուրի Խաչատուրովի, Աշոտ Մինասյանի, Սեյրան Օհանյանի, Արթուր Աղաբեկյանի, Վիտալի Բալասանյանի նկատմամբ հետապնդման պատճառներից մեկը:

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Ալիևը բացատրություններ է պահանջել առաջին պատերազմի ընթացքում անհայտ կորած 4 հազար ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ: Այդ կերպ նա հասկացրել է, որ փակված է համարում հայ գերիների վերադարձման հարցը։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանի տվյալներով՝ խոսքը 119 հայերի մասին է։ Վերջին հանդիպումը ցույց տվեց, որ պաշտոնական Բրյուսելն իր համար փակել է 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների կիրառման միջոցով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտման թեման։ Շառլ Միշելը «մոռացել է» այդ պատերազմին վարձկան ահաբեկիչների մասնակցության, գերիների նկատմամբ կտտանքների կիրառման, Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների ռմբակոծությունների մասին։ Այլապես դժվար թե Ադրբեջանի առաջնորդը համարձակվեր հիշատակել առաջին պատերազմի իրադարձությունները։

Մենք բազմիցս գրել ենք Հաղթանակի գեներալների դեմ Փաշինյանի խաչակրաց արշավանքի մասին, հիմա ժողովրդին արդեն հասկանալի է, թե ուր են գնում Արցախի հերոս ազատարարների դեմ ցուցադրական հաշվեհարդարների արմատները։ Ցուցանշական է, որ բոլոր գեներալներից Նիկոլի կողմից այսօր հանդես է գալիս միայն Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Հենց նա էր, որ 44-օրյա պատերազմից հետո քննադատության տարափ տեղաց հրամանատարական կազմի գլխին՝ նրան մեղադրելով պարտության մեջ, որպեսզի հանի մեղքը Փաշինյանի վրայից։

Հիշեցնեմ, որ հենց Բաբայանի ուղեկցությամբ է Աննա Հակոբյանը պատերազմի օրերին մտել Արցախի հրամանատարական կետ, որտեղ նկատողություն է ստացել գեներալ Մովսես Հակոբյանից։ Վերջինս հիշեցրել է, որ կողմնակի անձանց ներկայությունը տվյալ օբյեկտում արգելված է։ Այդ դիտողության համար գեներալը հետ կանչվեց Երևան և պատերազմի թեժ պահին հեռացվեց մարտական գործողությունների ղեկավարումից։ Այսօր գեներալի դեմ քրեական գործ է հարուցված։

Հաղթանակի գեներալների մեջ դժվար է գտնել թեկուզ մեկին, ով շինծու մեղադրանքով քրեական հետապնդման չի ենթարկվել 4 տարվա ընթացքում, շատերը հայտնվել են մեղադյալի աթոռին։ Բացառություն է Բաբայանը, որն օրերս աղմկալի սկանդալի մեջ հայտնվեց՝ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվելու կապակցությամբ, որով կոչ է արվում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ աղետալի որոշումներից: Համանման հայտարարություն հայկական երկրորդ հանրապետության խորհրդարանը հնչեցրել է նաև բրյուսելյան առաջին հանդիպումից հետո։

Բաբայանն իր կուսակցության անունից հրաժարվեց ստորագրել ՀՀ կառավարությանը հասցեագրված քննադատությամբ փաստաթղթի տակ, դրանով իսկ հաստատելով հավատարմությունը ռեժիմին և անձամբ Փաշինյանին։ Երբ աղմուկ բարձրացավ, նրա կուսակցությունը հանդես եկավ առանձին հայտարարությամբ, փորձելով բացատրել Արցախի խորհրդարանի մայիսի 24-ի հայտարարությանն իր չմիանալը։

Հրամանատարների դեմ որսը շարունակվում է

Մենք բնավ պատահական չհիշատակեցինք Արցախյան առաջին ազատամարտի հրամանատարների ցուցակն Ալիևին տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունների մասին։

Հաղթանակի գեներալների անունները լայնորեն հայտնի են Ադրբեջանում, այդուհանդերձ Ալիևը պահանջել է Առաջին ազատամարտի բոլոր հրամանատարների ցուցակը դեռևս 2018 թվականին և արել դա հեռուն գնացող նկատառումներով: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանում, կրկնեմ, տեղեկություններ հրապարակվեցին Առաջին ազատամարտի 44 հրամանատարների զոհվելու մասին։ Ալիևը հասկացնել տվեց, որ ոչ ոք չի խուսափի հատուցումից։

«Սև հովազներ» ջոկատի զոհված հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սարիբեկը, վստահ է, որ հրամանատարի մեքենան ոչ թե պատահաբար են ռմբակոծել, այլ հատուկ նշանառումով։ Ռմբակոծության հետևանքով զոհվեց հրամանատարի որդին՝ Դավիթը, իսկ Ռուստամն ավելի ուշ մահացավ հոսպիտալում։ Ակներև է, որ ադրբեջանցիները 44-օրյա պատերազմի ժամանակ թիրախային որս էին վարում Արցախյան առաջին ազատամարտի հրամանատարների դեմ, այսօր այդ որսը շարունակվում է, Ալիևը պահանջում է թարմացնել ցուցակը…

Բաբայանը հույս ունի, թե Փաշինյանի հետ մտերիմ հարաբերությունները կազատեն իրեն Հաղթանակի մյուս գեներալների ճակատագրից։ Խորհուրդ ենք տալիս հիշել Դավիթ Տոնոյանի ճակատագիրը, որին կապիտուլյանը ցանկանում է դարձնել քավության նոխազ՝ չնայած անձնական մտերմությանը։ Առայժմ ոչ ոք չգիտի, թե հետագայում ինչ պատժի կարժանանան Լելե Թեփե գագաթը գրոհելիս զոհված 800 հայ զինվորականների մահվան մեղքից Նիկոլին ազատելու Բաբայանի փորձերը…

«Խաղաղության դարաշրջանի» ցուցանակի տակ Հայաստանի սողացող բռնազավթման պայմաններում Փաշինյանը ցանկանում է ազատվել բոլոր նրանցից, ովքեր կարող են խոչընդոտել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների միջոցով բռնազավթումն օրինականացնելու փորձերին։ Նոր մեծ դավաճանությունից առաջ սկսվում է նոր զտում։

Առաջինը նշանավորվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գեներալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ դատավարությամբ, որոնց մեղադրում էին 2008թ. մարտի 1-ին իշխանության հակասահմանադրական զավթման մեջ: Առաջին զտումը դրսևորվեց նաև լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանի ցուցադրական ու նպատակաուղղված սպանությամբ: 3 ամիս շարունակ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը «չէր կարողանում» եզրակացություն տալ այն մասին, թե թույլատրելի է արդյոք բանտային պայմաններում պահել օնկոլոգիայի և դիաբետի ծանր տեսակներով տառապող մարդուն: Գեներալին թույլ տվեցին տուն գնալ՝ մահանալու։ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը փորձեց գործ սարքել սեփական սիրելի անձի դեմ մահափորձի մեղադրանքով, որպեսզի բանտ նետի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Ջոկատը փառաբանվել է Արցախյան առաջին ազատամարտի տարիներին։

Փաշինյանն անցել է դավաճանության երկրորդ՝ եզրափակիչ փուլին, ուստի նրան խանգարում են ոչ միայն գեներալները, որոնց անունները լավ հայտնի են Ալիևին, այլև դաշտային բոլոր հրամանատարները՝ Առաջին ազատամարտի մասնակիցները։ Ալիևն ուզում է, որ ոչ ոք չխանգարի Հայաստանի սողացող բռնազավթմանը, իսկ Փաշինյանը ձգտում է չեզոքացնել նրանց, ովքեր կարող են դիմադրել Արցախի վերջնական հանձնման իր ծրագրերին։ Իսկ միասին՝ Ալիևն ու Փաշինյանը, անում են Հայաստանի և Արցախի ոչնչացման նույն ընդհանուր գործը։ Լրատվամիջոցներն արդեն հրապարակել են վարկածը, որ միջին օղակի հրամանատարների ցուցակները փոխանցվել են ադրբեջանցիներին։ Հիմա նրանց ստույգ հայտնի է, թե ում և որտեղ է պետք «վնասազերծել», որպեսզի տեղի բնակչությունը համախմբված հանդես չգա զավթիչների դեմ։

Փաշինյանն Ալիևի հրահանգով արդեն փլուզել է հայոց բանակը, հիմա նրան պետք է վնասազերծել բոլոր նրանց, ովքեր կարող են խանգարել դավաճանությանը։ Զտումն ուղղված է այն նպատակին, որ Հայաստանում մնան միայն նրանք, ովքեր ողջունում են ադրբեջանական բռնազավթումը, անհամաձայնները ենթակա են ֆիզիկական ոչնչացման, հարկադիր արտագաղթի և տևական ազատազրկման…

Հասարակական գործիչների, ակտիվիստների և պարզապես կարգին մարդկանց ցուցակներ

44-օրյա պատերազմից հետո բարձրաձայն խոսեց միայն Արցախի հերոս, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, բոլորը սպասում էին, որ 44 գեներալների ստորագրությամբ հայտարարությունից հետո կխոսեն Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը և նրա նախկին առաջին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը, բայց դա, ավաղ, տեղի չունեցավ։

ԳՈՒՑԵ ԼՌՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻ՞Վ է, ՈՐ ՆՐԱՆՔ ԴԵՌԵՎՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ: «Դեռևս». սա է առանցքային բառը, քանզի հիմնավոր կանխատեսումներ կան, որ Տոնոյանի ձերբակալությանը կհաջորդի Գասպարյանի կալանավորումը։ Դժվար թե Ալիևը սահմանափակվի Առաջին ազատամարտի դաշտային հրամանատարների ցուցակով։ Ո՞ւր է երաշխիքը, որ վաղը զավթիչները չեն պահանջի հասարակական գործիչների, ակտիվիստների, հայրենասերների և պարզապես կարգին մարդկանց ցուցակները։

Կարծում եմ, հիմա շատերին պարզ դարձան Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծի իրական պատճառները՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ, Փաշինյանի մտերիմ ընկեր Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ։ Նույն պատճառով օրերս «մորեգույն բերետավորները» դաժան ծեծի ենթարկեցին երեք պատերազմների մասնակից, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանին, որը պաշտպանել էր զոհված զինվորի հորը:

4 տարվա ընթացքում ամենադաժան բռնաճնշումների են ենթարկվել Հաղթանակի գեներալները, այժմ հերթը մնացածներինն է։ Ալիևն ու Փաշինյանը կփորձեն չեզոքացնել առաջին հերթին նրանց, ովքեր գիտեն զենք բռնել (զավթիչների տիպիկ խնդիրը), զտումը շարունակվում է։ Փողոցային պայքարի մասնակիցների բնակարաններում ոստիկանները թմրանյութեր են փնտրում՝ զանգվածային ձերբակալությունների առիթ ապահովելու համար…