The Guardian. ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱ ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԴՐԱՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎՆԱՍ ԵՆ ՏԱԼԻՍ, ՔԱՆ ՕԳՈՒՏ

Այս ձմռանը Մեծ Բրիտանիայում վեց միլիոն տնային տնտեսություններ, ինչպես նաև ողջ Եվրոպայում սպառողները, կբախվեն առավոտյան և երեկոյան էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, գրում է Սայմոն Ջենքինսը The Guardian-ում:

Եվ դա չնայած այն բանին, որ Եվրոպան Ռուսաստանին օրական վճարում է մոտ մեկ միլիարդ դոլար այն գազի ու նավթի համար, որը նա շարունակում է սպառել։ Սա խենթություն է թվում: Վճարումները դադարեցնելու ԵՄ առաջարկները հասկանալի պատճառներով բախվում են Ռուսաստանին մոտ գտնվող և նրա հանածո վառելիքից մեծապես կախված երկրների դիմադրությանը։ Գերմանիան իր նավթի 12 տոկոսը և գազի 35 տոկոսը Ռուսաստանից է գնում։

ԵՄ-ն Բրյուսելում կարծես չգիտի ինչ անել։ Դիվանագիտական փոխզիջում է ձեռք բերվել, ինչը բացառություն է խողովակաշարերով ներմուծման պատժամիջոցներից, որը հօգուտ Հունգարիայի և Գերմանիայի կլիներ, սակայն ոչ մի գործնական ծրագիր չի համաձայնեցվել: Իրական պատճառն այն է, որ պատժամիջոցային զենքի մասին վեճերը վերածվել են մաչոյի հռետորաբանության։ Նրանք պետք է դրդեն օտարերկրյա ռեժիմին փոխել իր համար անընդունելի քաղաքականությունը։ Սա հազվադեպ է տեղի ունենում, եթե ընդհանրապես երբևէ տեղի է ունենում, իսկ Ռուսաստանի դեպքում այս ռազմավարությունն ակնհայտորեն ձախողվել է։ Հիմնավորողներն այժմ պնդում են, որ պատժամիջոցներն ընդամենը զսպող գործոն են, որոնք նախատեսված են միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում աշխատելու համար:

Պատժամիջոցները, հնարավոր է, վնաս են հասցրել Ռուսաստանի վարկունակությանը, սակայն գազի համաշխարհային գների միայն 70 տոկոսով աճը մեծացրել է նրա վճարային հաշվեկշիռը: Առևտրային հաշվի դրական սալդոն, ըստ կենտրոնական բանկի, այժմ ավելի քան երեք անգամ գերազանցում է ներխուժումից առաջ մակարդակը: Միևնույն ժամանակ, պատժամիջոցներն ակնհայտորեն վնասում են դրանք սահմանած Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներին։

Անհեթեթություն է ակնկալել, որ Հունգարիան կհամաձայնի տուժել էներգիայի պակասից և, ինչպես ինքն է ասում, «կռմբակոծի» իր տնտեսությունը՝ առանց որևէ հստակ նպատակի կամ ժամանակացույցի։ Պատժամիջոցները դժվարությամբ ապամոնտաժվելու սարսափելի սովորություն ունեն։ Ամենավատն առջևում է։ Պատժամիջոցներին ի պատասխան՝ Ռուսաստանը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա, ինչն ավելի է բարձրացրել գներն իր օգտին։ Նա արդեն արգելափակում է սևծովյան նավահանգիստները, որտեղից միլիոնավոր տոննա ուկրաինական հացահատիկ է սովորաբար ուղարկվում արտաքին աշխարհ։ Այս շրջափակումը հանգեցրել է հացահատիկի գների 48 տոկոսով բարձրացման՝ համեմատած 2019-ի մակարդակի հետ՝ կործանարար ազդեցություն ունենալով շուկաների վրա, հատկապես Աֆրիկայում: Սա նաև իր հերթին ավելացրել է հացահատիկի ռուսական արտահանման արժեքը։ Ռուսաստանը առաջարկել է վերացնել շրջափակումը, եթե պատժամիջոցները չեղարկվեն։ Արևմուտքը չի կարող աչք փակել իր պատժամիջոցների պատերազմի անցանկալի հետևանքների վրա։

ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ողջամիտ բծախնդիրություն՝ թույլ չտալով, որ Ուկրաինայում պատերազմի վերածվի համաեվրոպական հակամարտության։ Պատժամիջոցները նման նրբություններ չգիտեն։ Միլիոնավոր անմեղ մարդիկ ողջ Եվրոպայում և նրա ափերից հեռու կտուժեն պարենի և էներգիայի գների կտրուկ աճի պատճառով։ Մատակարարման գծերը խախտված են։ Առևտրային կապերը փլուզվում են։ Տուժողները հիմնականում աղքատներն են։

Նպատակը` ստիպել Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը Ուկրաինայից, ակնհայտորեն չի իրականացվել: Սակայն մնացած Եվրոպային և արտաքին աշխարհին հասցված վնասն այժմ ակնհայտ է: ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային ռազմական գործողություններում և չեղարկի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Դրանք ինքնակործանարար են և անիմաստ դաժան»:

News.am