«Ժողովուրդ». ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԿՈՆԿՐԵՏ ԱՆՁԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՈՍՏԻԿԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ձերբակալվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը։ Նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու և ոստիկանությանը դիմադրելու համար, սակայն վերջիններիս ձերբակալումը ուշագրավ իրավիճակում է եղել:

Մասնավորապես, ի սկզբանե իրավապահ համակարգում հրահանգ է եղել ուշադիր հետևել կոնկրետ անձանց գործողություններին, թե ով ինչ է անում, որոնց մեջ են եղել Հայկ Սարգսյանը և Տիգրան Խաչատրյանը: Նրանց քայլերը ֆիքսվել է ոստիկանության կոնկրետ անձանց կողմից, և մեզ հասած լուրերի համաձայն՝ նրանց դեմ կոնկրետ անձինք զեկուցագրեր են ներկայացրել, ինչի արդյունքում ձերբակալել են և դատարան ներկայացրել կալանավորելու միջնորդություն:

Ասել է թե՝ իրավապահները կոնկրետ անձանց թիրախավորում են, հետևում գործողություններին, նկարահանում և հետո ձերբակալում՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա»։

Aysor.am