Երևանի մետրոն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սահակ Վարդանյանը։
Վարդանյանը 41 տարեկան է, ծնվել է Երևանում, սովորել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Դատելով քաղաքապետարանի հրապարակած կենսագրական տվյալներից` Սահակ Վարդանյանը մինչ այս մետրոպոլիտենում չի աշխատել ու այդ ոլորտի հետ չի առնչվել։
2002-2013թթ․աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում՝ որպես գովազդի մասնագետ, ապրանքանիշի կառավարիչ, այնուհետ՝ անալիտիկ բաժնի պետ, ապա` «Իդեալ համակարգ» խանութ-սրահների տնօրեն։
2013-2017թթ․ աշխատել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում՝ որպես գործառնական տնօրեն, 2018- 2021թթ․` ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։
2021-2022թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն փոխտնօրեն։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նշենք, որ 2019թ-ից մինչ օրս Երևանի մետրոպոլիտենը ղեկավարում էր Գևորգ Ավետիսյանը` դարձյալ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։
Sputnik Արմենիա