«Դիմադրություն» շարժումը հունիսի 4-ին հանրահավաք կանի
Կապիտուլյանին թվում էր, որ ուժ կիրառի, հատուկ միջոցներ գործադրի և բռնության ենթարկի քաղաքացիներին, մարդկանց թիվը նվազելու է, բայց հայ ազգը ծնկի չի գալու, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստին, որը, ի դեպ, այսօր չկայացավ, ասաց, որ դրա նպատակը նաև այն է, որ ժողովրդին ցույց տան, որ այս իշխանությունները դավաճան են, չեն միանալու մի հայտարարության, որում ասվում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Այո, այսօր ջրբաժան է նրանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, պետականություն, հայրենիք, ուզում են հայ մնալ, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գալ»,– հայտարարեց նա։
Իշխան Սաղաթելյանը ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին։ «Մենք ընդունում ենք մեր մարտահրավերը, մենք պատրաստ ենք մեզ պատշպանելու»,– հայտարարեց նա՝ հավելելով, որ այսօր ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար բոլորը պատասխան են տալու։
Իշխան Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ ոստիկանությունը իրավիճակին չի տիրապետում, ոստիկանությանը ղեկավարում է ոչ թե ոստիկանապետը, այլ ինչ–որ օլիգարխներ։ Նա նշեց, որ ոստիկանությունը այսօր վարչապետի հրահանգով դիմել է սադրանքի։
«Այսօրվա փաստը ցույց տվեց, որ իրենք այլևս չեն դիմանում։ Այսօր մենք փաստեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք»,– ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանություններին հեռացնելու համար անելու են ամեն ինչ։ «Ակնհայտ է, որ դավաճանը ցնցումների մեջ է, պատրաստ է տարբեր սադրանքների, իսկ մենք տեղի չենք տալու»,– ընդգծեց նա։
ԱԺ փոխնախագահը «Դիմադրություն» շարժման մասնակիցներն հրավիրեց վաղը՝ ժամը 19.00, ներկա գտնվելու Ֆրանսիայի հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, որի ժամանակ կամփոփեն անելիքները ֏ գնահատական կտան ոստիկանների գործողություններին։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին և տապալել են այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: 4 ժամը լրացել է ժամը 20։00–ին։
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք և շրջափակել բոլոր մուտքերը:
«Որևէ մեկը շենք մտնելու փորձ չանի: Կառավարության բոլոր 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ էստեղ, մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ: Ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հայտարարել էր Սաղաթելյանը:
Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը և շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։
«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի և պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը, ոստիկանների և ցուցարարների միջև սկսվեց բախում։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման ենթարկեցին բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաև հատուկ միջոցներ կիրառեցին, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, այդ թվում՝ մեկ ոստիկանի։ Երկու տասնյակ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։
News.am