Սուքիասյանը հերքեց իր թիկնապահների մասին լուրերը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խայտառակություն է որակում լուրերը, թե ընդդիմության ակցիաների ժամանակ իր թիկնապահներն են ոստիկանի համազգեստով բռնություն գործադրում ցուցարարների նկատմամբ։ Նա իր տեսակետը հայտնեց ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։

«Ուղղակի խայտառակություն է։ Այս ֆեյքային պայքարը պետք է վերացնել։ Մենք պետություն ենք, ազգ ենք, և քաղաքական համակարգ կա։ Նման ստերն ու հորինված մտքերը խայտառակություն են»,- ասաց Սուքիասյանը։

Այնուհետև նա դիմեց հենց լրագրողներին` նշելով, որ նրանք իր գաղափարները, մարդկային տեսակն ու որակները գիտեն, և հարց ուղղեց` ինչպե՞ս կարող է իր նման գիտակցություն ունեցող մարդը նման բան թույլ տալ։ Սուքիասյանը շեշտեց` ոչ թե բացառում է, այլ խայտառակություն է համարում նման լուրերը։

Պատգամավորը խայտառակություն որակեց նաև ընդդիմության ակցիաները` ասելով, որ ՀՀ-ում ընտրություններ են կայացել, որի արդյունքում էլ իշխանություն է ձևավորվել։ Նա հավելեց, որ զոհվածների ծնողները պետք է զերծ մնան «քաղաքական աճպարարություններից»։

Sputnik Արմենիա