Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՄԵՆՔ ՄԻԱՅՆ ՏԱԼԻՍ ԵՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես ոչ մի բան չեմ սպասում հայ-ադրբեջանական բանակցություններից. Նախ այդ բանակցություններն ընթանում են այն պայմաններով, երբ Ադրբեջանը, բացի այն, որ հնուց ի վեր խլել է մեր շատ տարածքներ անկլավների տեսքով, հիմա էլ բացահայտորեն նոյեմբերի 9-ից հետո գրավել է ևս մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր, գումարած դրան, Ադրբեջանն ունի Հայաստանի նկատմամբ տրածքային պահանջներ:
Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն է` անդրադառնալով նրան, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչպետների մակարդակով վերջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը մոտեցրել են դիրքորոշումները, հստակեցրել են մոտեցումները սահմանային, մաքսային հսկողության, նաև քաղաքացիների, բեռների և տրանսպորտային տեղաշարժերի կանոնների ռեժիմների վերաբերյալ:
Նրա խոսքով, Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումը հետևյալն է. նրանք 6 տարածքի պահանջ են դնում, որոնք բոլորն էլ հայկական են, վերջում տեղի է ունենում կոմպրոմիսային լուծում՝ լավ, 3-ը՝ ձեզ, 3-ը՝ հայերին. «Մենք կտեսնենք դավաճանական հերթական փաստաթուղթը: Նրանք առանց զորքերը դուրս բերելու, որոնք ապօրինի մտել են Հայաստանի տարածք և դա խոստովանում է հայկական իշխանությունը, նրանք հո չե՞ն պատրաստվում դրանք հետ տալ: Նախկին զավթած անկլավների հետ միասին 2020-ի դեկտեմբերին զավթել են նաև Գորիս-Կապան ճանապարհը, որը լրիվ հայկական էր, և մենք դա ստորագրել ենք: Ստորագրել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը դարձավ ՌԴ-ում դեսպան, նա դա ստորագրել է:
Այսինքն, եթե հիմա ասում են, որ դիրքորոշումները մոտեցրել են, նշանակում է Ադրբեջանը մեզնից նորից, խոսքի օրինակ, մի 20 զիջում է պահանջում, ընդամենը 10-ն ենք տալու: Հայաստանը ոչինչ չի ստանում, միայն տալիս է»,-հայտարարեց Բագրատյանը: