Արա ՂԱԶԱՐՅԱՆ. ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՆԵԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԻՆ ՆՐԱՆՑ
Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում հունիսի 3-ին ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով ձերբակալված, կալանավորված ոստիկաններ չկան։
Հակակոռուպցիոն կոմիտեում վերջին շրջանում բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների գործողությունների վերաբերյալ ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
«Վերջին շրջանում ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունների անցնելու դեպքերի առթիվ հարուցվել է 10-ից ավելի քրեական գործ հակակոռուպցիոն կոմիտեում։ Կատարվում է նախաքննություն։ Գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան»,-Panorama.am-ին հայտնեցին կոմիտեից։
Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասը սահմանում է պաշտոնեական լիազորություններն անցնելը. «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։
Կոմիտեում չունեն տվյալներ, թե հարուցված քրեական գործերից քանիսն են վերաբերում հունիսի 3-ի բախումների ընթացքում ոստիկանների գործողություններին։
Ու քանի որ չկան մեղադրյալի կարգավիճակ ունեցողներ, հետևաբար անիմաստ են դառնում խափանման միջոցի վերաբերյալ հարցերը։
Մինչդեռ փաստաբան Արա Ղազարյանը, որ պաշտպանել է «Էլեկտրիկ Երևան» շարժման՝ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքները, Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ շատ կարևոր է, որ քրգործի հարուցմանը հետևեն ոստիկանների լիազորությունների կասեցում ու մեկուսացում։
«Երբ ոստիկանների ենթադրյալ ապօրինի գործողությունների վերաբերյալ վարույթ է հարուցվում, շատ կարևոր է, որ ոստիկանների լիազորությունները կասեցվեն, նրանք մեկուսացվեն, որպեսզի չհասցնեն իրեն ալիբին պատրաստել։ Դրա համար պետք է առաջին հերթին հարուցվի քրեական գործ, ոչ թե ներքին ծառայողական քննություն։ Ծառայողական քննության նպատակը կարգապահական պատասխանատվությունն է, ոչ թե քրեական։ Դրա համար պետք է անմիջապես հարուցվի քրեական գործ, մանավանդ որ մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ տեսանյութեր կան, ոստիկանների լիազորությունները կասեցվեն ու հնարավորինս նրանք մեկուսացվեն»,-ասաց Ղազարյանը։
Նա հարուցված գործերի շրջանակում կարևորում է վարույթի արագությունը՝ դատաբժշկական փորձաքննությունների, հարցաքննությունների իրականացում մեկ շաբաթում։
«Ես 2002-2015 թվականների ընթացքում զբաղվել եմ դրանով, նաև «Էլեկտրիկ Երևան»-ի հետ կապված։ Ամենակարևորը, կրկնում եմ, ոստիկանների լիազորությունների կասեցումն է, իզոլացումն է ու վարույթի արագությունը, ինչը սովորաբար Հայաստանում չի արվել»,-ասաց փաստաբանը։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Panorama.am-ի հետ զրույցում հունիսի 3-ին հաջորդած զարգացումները՝ ոստիկանների լիազորությունների չկասեցումը, չձերբակալելը սպասելի է համարում՝ հաշվի առնելով իշխանություն ներկայացուցիչների գրառումներն ու հայտարարությունները։
«Իշխանական ողջ քարոզչամեքենան՝ պատգամավորներից սկսած մինչև իր արբանյակներ՝ Արման Բաբաջանյան, Դանիել Իոաննիսյան, Սաքունց..., որոնք իբրև թե հանդիսանում են իրավապաշտպան, բայց վաղուց արդեն դարձել են պալատական իրավապաշտպաններ, հայտարարություններ են տարածել, որ ոստիկանների գործողությունները շատ իրավաչափ ենք, քանի որ քաղաքացիները քարեր են նետել նրանց ուղղությամբ։ Բայց տեսանյութերն ապացուցում են, որ քարեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ չեն նետվել։ Եթե ոստիկանները հատուկ հանձնարարականով չգնային պրովոկացիայի, միտումնավոր կերպով չխաթարեին երթի խաղաղ ընթացքը, երթը բնականոն հունով կշարունակվեր ու կվերադառնար Ֆրանսիայի հրապարակ»,-ասաց իրավաբանը։
Նա համարում է, որ բախումները հրահրել են ոստիկանները, ինչի հետևանքով քաղաքացիներին պատճառվել են վնասվածքներ։
«Խաղաղ ակցիայի մասնակիցներից մի քանիսը մարմնի տարբեր հատվածներում ստացել են կոտրվածքներ, սալջարդեր, ուղեղի ցնցումներ, եղել են դեպքեր, երբ ոստիկանները ոտքով հարվածել են քաղաքացիների գլխին։ Քրեական գործեր հարուցելու համար բավարար հիմքեր կան։ Ասեմ ավելին, հիվանդանոց դիմած քաղաքացիների բուժզննման արդյունքում բժիշկներն ուղիղ պարտավորություն ունեն հայտնել ոստիկանությանն առերևույթ բռնության մասին, ինչը և արել են։ Ունենք քաղաքացիներ, ովքեր պնդել են, որ իրենց առողջությանը վնաս պատճառվել է ոստիկանների գործողությունների հետևանքով, տվել են հանցագործության մասին հաղորդումներ, բայց որևէ տեղաշարժ չկա։ Եթե մի երկրում Մարդու իրավունքների պաշտպանը տարածի մի լղոզված հայտարարություն, այն մասին, որ ընդամենն ուշադրության կենտրոնում է պահում հունիսի 3-ին տեղի ունեցած դեպքերն ու գնահատականները, և որևէ կոշտ գնահատական չտա ոստիկանությանը, կարծում եմ, այս բարձիթողի իրավիճակն իրենց ընկալմամբ կարելի է դիտարկել որպես իրավաչափ»,-ասաց իրավաբանը։
Հայրապետյանը տեղեկություն ունի, որ Հակակոռուպցիոն կոմիտում հարուցված քրեական գործերից մեկը վերաբերում է Գերմանիայի Դաշնության քաղաքացու նկատմամբ ոստիկանների գործողություններին։
«Եթե չեմ սխալվում, քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով»,-ասաց իրավաբանը։
Նշենք, որ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածը վերաբերում է խոշտանգմանը՝ 2-րդ մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեք տարի ժամկետով»։
Իրավաբանն ասաց՝ հետևողական են լինելու, որ ոստիկանության ցանկացած աշխատակցի ապօրինի գործողություն ու վարքագիծ արժանանա իրավական գնահատականի, կան հանցագործության վերաբերյալ հաղորդումներ, դրանք ընթացքում ավելանում են, քանի որ որոշ դեպքերում վնասվածք ստացածներն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու։
«Աստված չանի, եթե դրանց հիման վրա քրեական գործեր չհարուցվեն։ Ուզում եմ ասել, որ ի հակադրումն այս ամենի, 14 քրեական գործ է հարուցվել խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ զանգվածային անկարգությունների հոդվածով, և քննչական կոմիտեն էլ հայտարարություն է տարածել տեսանյութի տեսքով ու բավական հատընտիր բառերով, ինչից կարելի է ենթադրել, որ քրեական գործերի շղթան հնարավոր է շարունակվի, որովհետև նշվում էր «զանգվածային անկարգությունների կազմակերպիչների հայտնաբերման ուղղղությամբ» աշխատանքներ է տանում քննչական կոմիտեն»,-ասաց նա։