Մամիջանյան. Դուք մնալու եք ՀՀ-ում ԵՄ այն դեսպանը, որի դռան մոտ քաղաքացի էին ծեծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք ապրում ենք մի աբսուրդ իրականությունում, երբ ոստիկանը հերոսի ծնողին ասում է՝ հերոսի ծնող ես, դրա համար ենք քեզ ծեծում, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

 

 

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ խաղաղ ցույցի ժամանակ հատուկ սադրիչներ են պատրաստվում, որոնք հետո փորձեն արդարացնել սեփական ժողովրդի վրա կրակելը։ Մենք ապրում են մի երկրում, որտեղ ժողովրդավարության ֆորումին լրագրողներին, ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մասնակցել։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ուղղորդված, սոցապ աշխատակիցների, փոստատարների միջոցով բոլոր այն ընտանիքներին, որտեղ կա զոհ, փորձում են ներշնչել, որ եթե ցույցի մասնակցեն, Զինվորների ապահովության հիմնադրամի վճարումները կդադարեն»,– ասաց պատգամավորը՝ կոչ անելով թույլ չտալ, որ այդ էժանագին ստերով իրենց վախեցնեն։

Պատգամավորը նշեց, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ֆեյսբուքյան գրառման համար մարդ են դատում, իսկ պաշտոնյաները վախենում են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Հայկ Մամիջանյանը ասաց, որ Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ արևմտյան երկրների դեսպանատների, միջազգային կազմակերպությունների լռությունը գին ունի, որը վճարվել է Արցախի հակամարտության կարգավորման բանակցություններով, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինչ–որ բան է խոստացել այդ լռության դիմաց։

Պատգամավորը, դիմելով Հայաստանում ԵՄ դեսպանին, ասաց, որ վերջինս տևական ժամանակ անհասկանալի լռություն է ցուցաբերում, բայց հունիսի 3-ին այն հրեշավոր վայրագությունները, որոնք իրականացվեցին ժողովրդի դեմ, տեղի են ունեցել ԵՄ դեսպանատան դռան դիմաց։

«Դուք չեք կարողանալու ասել՝ մենք դա չտեսանք, որովհետև ձեր տեսախցիկներն են նույնիսկ դա ֆիքսել։ Ես չգիտեմ, թե երբ է ավարտվելու Ձեր առաքելությունը, իմ տեղեկություններով՝ շատ շուտ, որովհետև դիվանագիտական նման կարիերան չի կարող շատ երկար շարունակվել։ Բայց Դուք հավերժ մնալու եք ԵՄ այն պաշտոնյան Հայաստանում, որի դռան մոտ քաղաքացի էին ծեծում, քաղաքացու վրա կրակում էին, ու Դուք լուռ եք մնացել այդ ժամանակ, ու Դուք դա չեք մարսելու»,– ասաց նա։  

Հայկ Մամիջանյանը նաև նշեց, որ նոյեմբերի 16-ին, երբ հակառակորդը Հայաստանի սուվերեն տարածք էր մտել, մի շարք պատգամավորներ, իրար հերթ չտալով, կասկածի տակ էին դնում Հայաստանի անվտանգության կարևորագույն հովանոց ՀԱԿՊ-ի գործողությունները, այսօր լուրջ դեմքերով նստած էին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին, որտեղ ընդդիմադիրներ չկային, որտեղ արել էին ամեն ինչ, որ ժողովրդի ձայնը չլսեին։

«Այս իշխանություններն էին դա արել։ Ես այլևս երբեք չեմ զարմանալու ՔՊ–ական երեսփոխանների անսկզբունքայնության վրա։ «Կնոպկայով» մարդու սկզբունքայնության վրա զարմանալ հնարավոր չէ»,– ասաց նա՝ հավելելով, որ զավեշտի այս բոլոր դրսևորումները մտնելու են Հայաստանի նորագույն պատմության մեջ որպես խայտառակության ու դավաճանության շրջան։

News.am