Մենուա ՍՈՂՈՄՈՆՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՈՒՄ ԵՆ՝ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԵԶՐՈՒՅԹԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«5165» շարժման անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են փոփոխել սահմանադրությունը՝ նաև Թուրքիային հաճոյանալու նպատակով, կատարելով նրա առաջադրած նախապայմանները։

«Հիմնավոր կասկածներ կան, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը ՀՀ Սահմանադրության նախաբանը փոխելը կամ հանելն է, քանի որ այդ նախաբանը հղում է անում 1990 թվականի անկախության հռչակագրին, որի 11-րդ կետում նշված է «Արևմտյան Հայաստան». սա ոսկորի նման կանգնած է Թուրքիայի կոկորդին»,- ասաց Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները, չկարգավորելով բազմաթիվ չլուծված հարցեր, շարունակում են խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ իրականացնելով նաև նրա առաջադրած մյուս նախապայմանները։

«Թեպետ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ առանց նախապայմանների են գնում հարաբերությունների կարգավորմանը, սակայն փաստացի, Թուրքիայի առաջադրած 3 նախապայմաններից երկուսն արդեն բավարարված են։

Առաջինը՝ ստորագրությամբ իրենք հանձնել են Արցախի ազատագրված հողերը և հանձն են առել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հանել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից»,- ասաց Սողոմոնյանը։

Թուրքիայի առաջադրած երրորդ նախապայմանը, Մենուա Սողոմոնյանի խոսքով, վերը նշված սահմանադրական փոփոխություններն են։

Aysor.am