ՈՐՊԵՍԶԻ ՉԶԱՅՐԱՑՆԵ՞Ն ԲԱՔՎԻՆ

Հունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գլխավորությամբ։

ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը և անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր: Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՕՐԱԿԱՐԳԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԵՎ ՇԱՏ ԱՐԴԻԱԿԱՆ Է ԹՎՈՒՄ։ Իսկապես, գլոբալ ռազմաքաղաքական գործընթացների խորապատկերին կազմակերպությունը պետք է արձանագրի իր դիրքորոշումը, իսկ դրա անդամները՝ քննարկեն անվտանգության աճող սպառնալիքների չեզոքացմանն ուղղված քայլերը։ Եվ այդ համատեքստի, այդ օրակարգի մեջ առավել քան ներդաշնակ կարող է, ավելի ճիշտ՝ պետք է տեղավորվի հայկական սահմանների անվտանգության թեման։ Բնավ ոչ այն պատճառով, որ նիստը տեղի է ունենում Երևանում և ԱԽ հայ ղեկավարի նախագահությամբ։ Ամեն ինչ շատ ավելի առօրեական է. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և ոչ միայն վտանգված է նրա անվտանգությունը, այլև երկիրն իրապես ենթարկվում է ռազմական ներխուժման։ Ընդ որում դա տեղի է ունենում արդեն ավելի քան մեկ տարի շարունակ և ռազմական գործողությունների բացակայության պայմաններում։

Պաշտոնական Երևանը տարբեր պաշտոնյաների շուրթերով բազմիցս հայտարարել է այն մասին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր բռնազավթված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Վերջին անգամ հնչել է 45 քառ. կմ թիվը, այն դեպքում, երբ ավելի վաղ հայկական կողմը խոսում էր 41 քառ.կմ-ի մասին։ Խոսքը սողացող ներխուժման մասին է ոչ միայն Հայաստանի տարածք, այլև ՀԱՊԿ պատասխանատվության գոտի։ Եվ կազմակերպությունը, եթե իրեն հարգող կառույց է, պետք է կասեցնի այդ գործընթացը։ Նա պետք է շահագրգռված լինի դրանում։ Ի վերջո, ՀԱՊԿ պատասխանատվության գոտին միաժամանակ նաև կազմակերպության ռազմաքաղաքական շահերի գոտի է։ Եվ ահա արդեն ավելի քան մեկ տարի ադրբեջանական կողմը լկտիաբար ոտնահարում է բացի ամենից նաև այդ շահերը…

Թե ինչ կքննարկեն ԱԽ ղեկավարներն այդ առնչությամբ, ժամանակը ցույց կտա։ Բայց արդեն այսօր կարելի է ասել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամփոփիչ հայտարարության մեջ պարզապես չպետք է հիշատակումներ չլինեն Ադրբեջանի կողմից այն տարածքների բռնազավթման մասին, որոնք փաստաթղթային առումով ընդգրկված են կազմակերպության շահերի ոլորտում։ Չի կարող հայտարարության մեջ չհիշատակվել այն մասին, որ Բաքվից, Ադրբեջանի նախագահի շուրթերից պարբերաբար հնչում են անմիջական սպառնալիքներ ՀԱՊԿ անդամներից մեկի հասցեին և բացահայտ ոտնձգություններ նրա (երկրի) տարածքային ամբողջականության նկատմամբ: Այստեղ նշենք. վիճելի պահեր չկան և չեն կարող լինել։ Եվ այն խոսակցություններն էլ, թե առանց սահմանագծման ու սահմանազատման բարդ է պարզել բռնազավթման փաստը, դեմագոգիկ են և սպեկուլյատիվ։ Չէ՞ որ Հայաստանը ժամանակին ընդգրկվել է կազմակերպության կազմում հենց այն սահմաններով, որոնք այսօր լկտիաբար խախտվում են Ադրբեջանի կողմից։ Մի խոսքով, տվյալ իրավիճակի տրամաբանությամբ ՀԱՊԿ-ի հստակ և կոշտ դիրքորոշումը միակ հնարավորն է։ Եվ եթե ադրբեջանական ոտնձգությունները գործնականում կասեցնելու ցանկություն կամ կարողություն չկա, ապա ներխուժման անվիճելի փաստի հանդեպ գոնե համապատասխան հայտարարության տեսքով ՀԱՊԿ-ի վերաբերմունքը պետք է լինի։ Բայց կլինի՞ արդյոք։

Այդ առումով, մեղմ ասած, մեծ կասկածներ կան։ Առհասարակ Բաքվի դատապարտման հարցը պետք է նախաձեռնի նախևառաջ Երևանը։ Այստեղ հիշենք օրերս ՔՊ պատգամավորների տապալած ԱԺ արտահերթ նիստը, որում ընդդիմությունը ներկայացրեց ԱԺ որոշման 7 կետից բաղկացած նախագիծ։ Դրանցից մեկում (չորրորդ կետում) ուղղակիորեն ասվում է. «Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձով և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման նախապայմանով»: Փաստորեն, տապալելով նիստը՝ իշխող թիմն արտահայտեց իր անհամաձայնությունը, այդ թվում՝ նաև այդ կետին։

Ըստ էության, պաշտոնական Երևանը, չցանկանալով նյարդայնացնել Բաքվին, նույնիսկ չի էլ փորձում կտրական ձևով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, գործուն քայլեր ձեռնարկել ադրբեջանական զորքերը հայկական տարածքներից դուրս բերելու ուղղությամբ։ Այո, երբեմն Երևանից հնչում են Բաքվի այդպիսի պահվածքի անընդունելիության մասին խոսքեր, բայց դրանք, մի կողմից՝ բնավ միանշանակ չեն հնչում, մյուս կողմից ՝ իսպառ անտեսվում են զավթիչների կողմից։ Դժվար թե այս իրավիճակում Արմեն Գրիգորյանը պնդի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամփոփիչ հայտարարության մեջ տեղ գտնվի Ադրբեջանին դատապարտելու համար։ Դա կարող է զայրացնել Բաքվին…