Խորասհանի․ Հայաստանն Իրանի համար յուրահատուկ և ռազմավարական հարևան է
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել են Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Իրանը մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է և հարևան է մոտավորապես 15 երկրի հետ: Հայաստանը Իրանի համար յուրահատուկ և ռազմավարական հարևան է»,- ասել է Խորասհանին։
Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Իրան։
Արշակյանն անդրադարձել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և նշել, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումներով, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը:
«Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, և դրա վառ դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,- ասել է Արշակյանը:
Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը:
Խորասհանիի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է եկել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում։
Նշենք, որ 2022 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով:
Sputnik Արմենիա