ՊԱՏՄԱԲԱՆ ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻ «ԲԱՍՏԻՈՆԸ»

Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց երբեմն Փաշինյանի թիմի անդամներն ասում են ճշմարտությունը։ Դա տեղի է ունենում ակամա, հիմնականում այն դեպքերում, երբ նրանք ցանկանում են կշիռ հաղորդել իրենց մտքերին և թաքցնել սեփական բարդույթները։ Այդպես եղավ երեկ Արարատ-Արաբատ-Օմեգա Միրզոյանի հետ, որը դեմքին կարևոր արտահայտություն տված՝ ճամարտակում էր խորհրդարանում այն մասին, որ իր ղեկավարած գերատեսչությունը, ինչպեսև պետապարատն ամբողջությամբ, կարիք ունի «կադրերի էական և շարունակական թարմացման»։ Ընդ որում, նա ոչ միայն նշեց Հայաստանի ԱԳՆ-ում տիրող այդօրինակ վիճակի պատճառը, այլև բաց տեքստով հայտարարեց, որ «թարմացումն» իրականացվելու է ոչ թե պրոֆեսիոնալների, այլ «քաղաքական նշանակումների» հաշվին: Իմա՝ ուսապարկերի։

Եվ ապշեցուցիչ է այն փաստը, որ Միրզոյանը մտադիր է այդ կերպ դիմակայել արտաքին քաղաքական մարտահրավերներին, որոնք, իր իսկ խոսքերով, «վերջին շրջանում էապես փոխվել են և դեռ փոխվելու են»: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, շարունակեց նա, նախարարությունը «միշտ չէ, որ կարողացել է ամբողջությամբ շարժվել այդ իրողություններին համաչափ, ինչպես կադրային, այնպես էլ բովանդակային առումով»: Նման իրավիճակի պատճառների թվում նախարարը նշեց նոր կադրերի ներհոսքի բացակայությունը, ինչն իր հերթին պատճառաբանեց կորոնավիրուսի համավարակով, այն հանգամանքով, որ 2021 թվականին երկու ամիս շարունակ ԱԳՆ-ը գործնականում մնացել է առանց ղեկավարի, ինչպես նաև ղեկավարության հետագա փոփոխություններով:

Դժվար է դատել, թե հատկապես ինչպես է համավարակն ազդել կադրերի ներհոսքի վրա, բայց մնացած առումներով Միրզոյանի հետ կարելի է համաձայնել. Հայաստանի ԱԳՆ-ը իսկապես ծանր ժամանակներ ապրեց այն շրջանում, երբ գերատեսչությունը լքեցին բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրեր, այդ թվում՝ բարձրագույն օղակից։ Բավական կարևոր մի շտկումով. նախարարը «մոռացավ» ասել, թե հատկապես ինչի հետ էր կապված այդչափ զգալի արտահոսքը, ինչը հանգեցրեց, ինչպես հետևում է նրա խոսքերից, նախարարության կադրային սովի։

Միրզոյանը միտումնավոր անուշադրության մատնեց այն անվիճելի և խիստ էական փաստը, որ պրոֆեսիոնալ դիվանագետները հեռացան կառույցից 44-օրյա պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո, դրանով իսկ արտահայտելով իրենց վերաբերմունքը իշխանությունների վարած դավաճանական քաղաքականության նկատմամբ։ Արտահոսքը նաև բողոքի դրսևորում էր այն բանի դեմ, որ, ինչպեսև բոլոր առանցքային կառույցները, ԱԳՆ-ը նույնպես հետևողականորեն և նպատակաուղղված կերպով փլուզում էին՝ որպես երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու պետկառավարման կարևորագույն օղակ։ Եվ տասնամյակներ շարունակ կերտված այդ կառույցի միտումնավոր փլուզումը դարձավ հայկական դիվանագիտության պարտության պատճառներից մեկը թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից առաջ։

Վերջապես, ԱԳՆ համակարգում երկար տարիներ աշխատած փորձառու դիվանագետների հեռացումն ահազանգում էր այն մասին, որ նրանք չեն ցանկանում շարունակել աշխատել Փաշինյանի գլխավորությամբ և իրականացնել հակահայկական քաղաքականություն։ Այս ամենի և բազմաթիվ այլ բաների մասին Միրզոյանը, բնականաբար, լռեց, շատ լավ հասկանալով, որ հենց իր՝ ոչ վաղ անցյալում միջակ պատմաբանի, դիվանագիտության ոլորտում ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ էլ չնչին իսկ փորձ ու գիտելիք ունեցող դիլետանտի կերպարն է Փաշինյանի իշխանության գալուց հետո հայկական դիվանագիտությանը պատուհասած փլուզման յուրօրինակ խորհրդանիշը։ Եվ դա՝ նույնիսկ եթե հաշվի չառնենք այն հայտնի, ընդ որում՝ նաև չհերքված փաստը, որ արտգործնախարար Է նշանակվել մի մարդ, որը ժամանակին մերկացվել է թուրքական հետախուզության օգտին աշխատելու մեջ։ Հետաքրքիր է, կա՞ աշխարհում մեկ այլ երկիր, որի դիվանագիտության ղեկավարը թշնամական երկրի նախկին լրտես է։

Արարատ-Արաբատի մնացյալ անկեղծացումներն էլ ոչ պակաս ցնցող էին, քանզի նա ազնվորեն ասաց, թե ինչ մարդկանցով է պատրաստվում իշխանությունը լրացնել բացն ու փոխհատուցել դիվանագիտական պրոֆեսիոնալ կադրերի պակասը: Միրզոյանը հայտարարեց, որ «ոչ մի վտանգավոր բան չի տեսնում դիվանագիտական պաշտոններում քաղաքական նշանակումների մեջ»։ Եվ անչափ վիճելի այդ սկզբունքը մատուցեց առաջին հերթին հենց իր օրինակով, գերազանց հասկանալով իր նշանակման խոցելիությունը։ Իբր՝ «նախարարը քաղաքական պաշտոն է, և արտաքին քաղաքական գերատեսչությունների ոչ բոլոր ղեկավարներն են պրոֆեսիոնալ դիվանագետներ»:

Նույն իրավիճակն է, ըստ նրա, նկատվում դեսպանների դեպքում։ «Ինչ վերաբերում է դեսպաններ վերջին քաղաքական նշանակումներին, ապա համարձակվում եմ հավաստիացնել, որ նրանք մեր լավագույն դեսպաններից են»,- ինքնավստահ հայտարարեց նորահայտ «դիվանագետը»: Կրկին իսկ գիտակցաբար շրջանցելով բազմաթիվ խայտառակ սխալները, որոնցով էլ միայն անուն են հանել և՛ անձամբ ինքը, և՛ «լավագույն դեսպանները»։

Այսպիսով, Փաշինյանի թիմակիցը փորձում է հավատացնել բոլորին, թե կարելի է լինել մի ամբողջ ԱԳՆ-ի ղեկավար, ինչպես նաև լավ դեսպան՝ ընդ որում չլինելով պրոֆեսիոնալ դիվանագետ։ Իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ տքնաջան յուրացրել են մասնագիտությունը համաշխարհային ճանաչում ունեցող և հեղինակավոր բուհերում, հենց նույն ՄՀՄՊԻ– ում կամ Ֆլեթչերի դպրոցում, հետո սկսել շարքային պաշտոններից՝ կուտակելով փորձ, հմտություններ, ձեռք բերելով կապեր ու շփումներ և հարգանք ու կշիռ նվաճելով համաշխարհային դիվանագիտական շրջանակներում, հարիֆներ ու տխմարներ են, համեմատած հենց իր՝ Միրզոյանի, Վաղարշակ Հարությունյանի, Լիլիթ Մակունցի կամ Վլադիմիր Ենգիբարյանի տրամաչափի փաշինյանական կադրերի հետ, որոնք հընթացս ոտք դրեցին մեծ քաղաքականություն և հանկարծակի, բառացիորեն մի քանի ամիս անց երևակայեցին իրենց «դիվանագետներ»։

Բազմիցս արձանագրվել է, այդ թվում՝ հայտնի փորձագետների կողմից. արտգործնախարար դառնալու և կարևորագույն երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Գերմանիայում դեսպան նշանակվելու համար փաշինյանական Հայաստանում պետք է ընդամենը լինել թիմի անդամ, հավատարմորեն ծառայել անձամբ ռեժիմի պարագլխին կամ ընդգրկված լինել նրա կնոջ մտերիմների շրջանակում։ Դե, թերևս նաև՝ տիրապետել անգլերեն լեզվին և ոչ վաղ անցյալում ճիշտ աշակերտ ընտրել, ինչպես Լիլիթ Մակունցի պարագայում։ Կամ ստորագրել հայկական տարածքները հանձնելու հրաման, ինչպես Հարությունյանի դեպքում։

Այդքանը միանգամայն բավարար է «բոլոր դեսպաններից լավագույնը» դառնալու համար. ճիշտ է՝ ԱԳՆ գլխավոր դիլետանտի սանդղակով։ Ես հարց ունեմ այն հայ դեսպաններին, որոնք նախարարության պրոֆեսիոնալներն ու երկարակյացներն են. ձեզ այս ամենը չի՞ վիրավորում։ Ձեզ համար ընդունելի՞ է աշխատել այդ կերպարների ղեկավարության ներքո: Ուրեմն չզարմանաք, եթե ամենամոտ ժամանակներս ձեզ էլ փոխարինեն ուսապարկերով և դուրս նետեն արդեն ամբողջությամբ «թարմացված» ԱԳՆ-ից։

Ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել այն իշխանությունից, որն օրենսդրորեն սահմանում է, թե բնավ պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալ՝ համայնք ղեկավարելու համար։ Ի՞նչ կարելի է ակնկալել իշխող կուսակցությունից, որի պատգամավոր է դառնում բուհ-ի դիպլոմ չունեցող կիսագրագետ աղջիկը, որը սակայն, ոչ դես, ոչ դեն, ցնցում է հասարակությանը անգրագետ հակահայկական հայտարարություններով։ Ի՞նչ ակնկալել, ի վերջո, կառավարությունից, որը գլխավորում է միայն իշխանության գալուց հետո պնակալեզ պաշտոնյաներից իր դիպլոմը ստացած թերուսը։

Ամենահետաքրքիրն այն է, որ Միրզոյանն ակամայից ամենադիպուկ գնահատականը տվեց իր ղեկավարած ԱԳՆ-ի աշխատանքներին։ «ՀՀ արտաքին գործերի նախարարության կարևորագույն առաջնահերթությունը շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը»,- հայտարարեց նա: Այն ողբալի, գրեթե անհուսալի վիճակը, որում գտնվում է Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգությունը, Փաշինյանի և Միրզոյանի վարած արտաքին քաղաքականության լիակատար ձախողման ամենացայտուն և համոզիչ ապացույցն է, որ կա։ Հաշվի առնելով պետական կառույցներն այսուհետ էլ անգրագետ, բայց հավատարիմ թիմակիցներով հեղեղելու նրանց ծրագրերը՝ ավաղ, դժվար չէ պատկերացնել հայկական երկու պետությունների «անվտանգության հետագա ապահովման» հեռանկարները։

Միայն թե շատ սարսափելի է։ Քանզի այս իշխանությունները համոզված են, թե որքան ավելի բարդ են երկրին սպառնացող արտաքին ու ներքին մարտահրավերները, այնքան ավելի ոչ պրոֆեսիոնալ պետք է լինի հայկական կառավարությունը: