Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները կունենան արժանապատիվ աշխատավարձ

Կառավարությունն առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում՝ որպես Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կառավարության առաջարկը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ին հրավիրված արտահերթ նիստում:

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ՝ փոփոխություններն ու լրացումները նախատեսվում է կատարել ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում:

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների նպատակը՝ փոխնախարարը նշել է, որ այն բխում է Կառավարության սահմանած դատական և իրավական բարեփոխումների ծրագրից: Վճռաբեկ դատարանն իր սահմանադրական լիազորությունների իրականացման բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի և եռաստիճան դատական համակարգում իր քննությանը ներկայացված իրավունքի և փաստի ամենաբարդ հարցերի քննությանը: Վճռաբեկ դատարանի գործառույթների հնարավորինս արդյունավետ իրականացումն ունի մեծ հանրային-իրավական նշանակություն այն իմաստով, որ թե՛ պետությունը և թե՛ հասարակությունը շահագրգռված են օրենքների և նորմատիվ իրավական այլ ակտերի ճիշտ ու միատեսակ կիրառման, դատական պրակտիկայի հետևողականության և կանխատեսելիության ապահովման հարցում:

Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության ոլորտում բարձրագույն դատական ատյան է: Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը, որի շրջանակում Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է սահմանել նշված հավելավճարները:

Հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Վահագն Հովակիմյանը, կարևորելով ներկայացված նախագիծը, նշել է, որ դատավորների՝ իրենց կարգավիճակին արժանապատիվ աշխատավարձ ունենալու հանձնառությունը եղել է իշխող խմբակցության դեռևս 2018 թ. նախընտրական ծրագրում: Նրա խոսքով՝ դա դատական բարեփոխումների կարևոր բաղադրիչն է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: