Դուք դեռ խոսո՞ւմ եք. ընդդիմադիր պատգամավորները ներխուժել են առողջապահության նախարարություն

Ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Մկրտչյանն ու Ասպրամ Կրպեյանը, չնայած անվտանգության աշխատակիցների գործողություններին, կարողացել են մտնել առողջապահության նախարարություն, հանդիպել նախարար Անահիտ Ավանեսյանին և իրենց դիրքորոշումը հայտնել ոստիկանության գործողությունների վերաբերյալ վերջինիս հայտարարության վերաբերյալ։ Քրիստինե Վարդանյանը հանդիպման տեսագրությունը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։

Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ցուցարարների բախումից հետո Ավանեսյանը հայտարարել էր, որ ոստիկանության աշխատակիցները փայլուն են կատարում իրենց ծառայությունը։

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Քրիստինե Վարդանյանը նախարարի ուղղությամբ լուսանկարներ նետում, որոնցում 44-օրյա պատերազմում զոհվածների մարմիններն են` սպիտակ պոլիէթիլենային տոպրակներով փաթաթված։

«Դրանից հետո դուք դեռ համարձակվում եք ինչ-որ բան խոսել ու գովել ցուցարար ծեծող ոստիկաններին»,- ասում է պատգամավորը։

Ավանեսյանն անպատասխան է թողնում պատգամավորների մեղադրանքները և փորձում է պարզել` երեք աղջիկներն էլ պատգամավոր են, թե ոչ։

Sputnik Արմենիա