Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԵԽ-Ի ԿՈՉԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԻՇԵՑՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԵՐԵՍՎԵԼՈՒ ՆՐԱ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրոպական խորհրդարանի հորդորը դիտարկում եմ որպես քաղաքակիրթ մարդկության կողմից Հայոց ցեղասպանության հիշատակման և Թուրքիայի՝ համամարդկային արժեքներից հեռու լինելու հերթական հիշեցում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով Թուրքիային ուղղված Եվրոպական խորհրդարանի կոչին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել հայկական ժառանգությունը պաշտպանելու հանձնառությունը։
«Նախ պետք է ֆիքսել, որ սա այդ կառույցի կողմից նմանատիպ առաջին կոչը չէ. տարբեր տարիների Եվրոպական խորհրդարանի կողմից տարբեր ոճի կոչեր հնչել են, և կարող ենք ասել, որ դա շարունակական բնույթ է կրում։
Այս կառույցի հայտարարությունը, գոնե ինձ համար, ազնվության մի փոքր ավելի բարձր տոկոս ունի, քան տարբեր պետությունների համանման հայտարարությունները և անգամ Ցեղասպանության ճանաչման բանաձևերը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ այս հորդորով եվրոպական կառույցը Թուրքիային մեկ անգամ ևս հիշեցնում է իր իսկ պատմության նկատմամբ վստահության պակասի, ինչպես նաև իրականության հետ առերեսվելու անկարողության մասին։
Նրա համոզմամբ՝ այս կոչի մեջ կարելի է քաղաքական, Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ինչ-որ ենթատեքստեր տեսնել, սակայն, ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի հորդորը համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու մասին է։
«Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, այն կարելի է համարել ստանդարտ և կանխատեսելի՝ անգամ կանխատեսելի տեքստերով և մեկնաբանություններով, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ երկրի մտածողության մեջ որևէ դրական փոփոխություն չկա, և ցեղասպան մտածողությունը շարունակում է Թուրքիայի առանցքը համարվել»,- ասաց թուրքագետը։
Ռուբեն Մելքոնյանը նաև շեշտեց՝ սա գիտակից հանրության համար պետք է ևս մեկ ազդակ լինի, որ խաղաղության դարաշրջանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ աղերս չունի, և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ՀՀ իշխանությունների հայտարարությունները ևս իրականության հետ կապ չունեն։