Ո՞ՒՄ ԵՆ ՊԵՏՔ ՊԱՐՏՔՈՎ ՎԵՐՑՐԱԾ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ

Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող 2,6 մլրդ եվրո ֆինանսական աջակցության հիմնական մասը տրամադրվելու է վարկերի տեսքով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հաղորդում է Armenia today-ը։

Նրա խոսքերով, վարկային միջոցների մի մասը կստանա մասնավոր բիզնեսը, մյուս մասը կուղղորդվի պետական ծրագրերի ֆինանսավորմանը: Աջակցության ծրագրի շրջանակներում կա նաև դրամաշնորհային բաղադրիչ։ Եվրոպացի գործընկերների կողմից ֆինանսավորվող ամենախոշոր ծրագրերից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ճանապարհների և ջրամբարների շինարարությանը։ Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա, ինչպես նշել է նախարարը, եվրոպացիները նախապատվությունը տալիս են էներգետիկայի, մասնավորապես՝ վերականգնելի էներգետիկայի ոլորտին։ Քննարկումների փուլում է նաև հայրենական ընկերությունների մրցունակության բարձրացմանն ու զարգացման ներուժի բացահայտմանն ուղղված նախագիծը։ Ներկայումս այդ հարցի շուրջ ակտիվ բանակցություններ է վարում էկոնոմիկայի նախարարությունը։

Խաչատրյանն ընդգծել է, որ ԵՄ-ի մեր գործընկերները համաձայնել են ֆինանսավորել «Հյուսիս-Հարավ» մայրուղու մաս կազմող Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը: Նախարարը հայտնել է, որ ընթացիկ տարին բնութագրվում է որպես ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման նախապատրաստական ժամանակահատված:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. շատ մեծ հարց է, թե սկզբունքորեն կհասնե՞ն արդյոք այդ գումարները նշանակման վայր։ Անկեղծ ասենք, նույնիսկ երբ առաջին անգամ հնչեցվեց ԵՄ-ի այդ մտադրությունը, միանգամայն հիմնավորված թերահավատություն մնաց, թե Եվրամիության ներդրումային ծրագրերը, ընդ որում՝ այդչափ մասշտաբային, արդյունքում կիրագործվեն։ Եվ այստեղ հարցն այն է, թե ռիսկի կդիմի արդյոք Բրյուսելը այդպիսի փողեր «շռայլել» և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով Մոսկվայի ազդեցության ոլորտին, ինչպիսին եղել և մնում է Հայաստանը։ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց հետո հիշյալ աշխարհաքաղաքական գործոնին գումարվեց, մի կողմից՝ Ռուսաստանի հետ Արևմուտքի բացահայտ կոշտ հակամարտությունը, մյուս կողմից՝ տնտեսական, ուստի նաև ֆինանսական ճգնաժամը բուն Եվրոպայում։ Այսօր եվրոպացիներն ակնհայտորեն ավելի շատ մտածում են այն մասին, թե ինչպես ֆինանսապես աջակցեն Ուկրաինային, ինչպես իրենք չսնանկանան, ինչպես հանգստացնեն աննախադեպ գնաճից վրդովված իրենց հասարակությանը, քան թե ինչպես ֆինանսական օժանդակություն տրամադրեն Հայաստանին։ Այլ կերպ ասած՝ այդ առումով Բրյուսելը հիմա ակնհայտորեն Երևանի մասին հոգալու վիճակում չէ։

Բացի այդ, եթե նախկինում կարելի էր ենթադրել, որ այդօրինակ ֆինանսական գործիքներով ԵՄ-ն փորձում է «փափուկ ուժով» դուրս մղել Ռուսաստանին այս գոտուց, ապա այժմ նույն այդ փափուկ ուժը կորցրել է իր արդիականությունը։ Այսօր ամեն ինչ արվում է կոպիտ ու բացահայտ։ Ներկայումս Բրյուսելին ավելի էական դրդապատճառ է անհրաժեշտ նման գումար հատկացնելու համար։ Թե հատկապես ինչպիսի, դժվար է ասել։ Կարելի է ենթադրություններ անել, բայց տվյալ դեպքում զերծ կմնանք վարկածներ կառուցելուց։ Քանզի չենք ցանկանում նմանվել Հայաստանի կառավարությանը, որը զբաղված է դեռ չսպանած արջի մորթին բաժանելով։

Ամեն դեպքում մի բան պարզ է. նույնիսկ եթե ԵՄ-ն այնուամենայնիվ հատկացնի այդ միջոցները Հայաստանին, ապա նախ՝ չի անի դա ՌԴ-ի և ՀՀ-ի, ՀՀ-ի և ԵԱՏՄ-ի տնտեսությունների աճող փոխկապակցվածության խորապատկերին։ Մինչդեռ հենց նման աճ է ընթանում այսօր։ Երկրորդ՝ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում բրյուսելյան 2,6 մլրդ եվրոյի գինը Երևանի համար բավականին աճել է։ Ինչո՞վ ենք հատուցելու։ Թերևս միայն՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի կարգախոսի ներքո հարևաններին զիջումներ անելով և ռազմավարական դաշնակցի հետ բոլոր ուղղություններով փոխհարաբերությունների շարունակական զարգացումը խաթարելուն ուղղված քայլերով։ Սկզբունքորեն, միայն այդ դեպքում կարելի է տեսականորեն հնարավոր համարել, որ այդ գումարը կհատկացվի։ Իսկ առայժմ խոսքը լոկ խոստումների մասին է, որոնց արժանահավատությունը գնալով նվազում է։

Ասենք, Հայաստանի կառավարությունում, դատելով ամենից, վստահությունն այդ առումով ավելի մեծ է։ Այնքան մեծ, որ արդեն բացահայտում են գործարքի առանցքային հանգամանքը։ Երկար ժամանակ մեր պաշտոնյաները, պատմելով հայկական տնտեսության եվրոֆինանսավորման այդ նախագծի մասին, խուսափում էին ուղղակիորեն մատնանշել, որ «աջակցության» առյուծի բաժինը վարկեր են։ Իհարկե, եփած հավին էլ պարզ էր, որ դա այդպես է որ կա։ Բայց մի տեսակ չէին ուզում մեր պաշտոնյաները կոչել իրերն իրենց անուններով։ Ահավասիկ հիմա նոր սկսել են։

Եվ այսպես, ըստ էության, ԵՄ-ն մեզ առաջարկում է ավելացնել մեր արտաքին պարտքը 2,6 մլրդ եվրոյով։ Իսկ Հայաստանի կառավարությունը երազում է այդ առաջարկի իրականացման մասին։ Դե ինչ, ենթադրենք, թե գործարքը ստացվեց։ Այդժամ երկրի արտաքին պարտքն աճում է գրեթե 40%-ով։ Ընթացիկ տարվա մարտի դրությամբ դա (արտաքին պարտքը) կազմում է 6 մլրդ 645 մլն դոլար։ Իհարկե, եթե այդ գումարները օգտագործվեն խելամտորեն ու կշռադատված, ապա գուցե նույնիսկ այդչափ ավելացած արտաքին պարտքը արդարացում գտնի գալիք սերունդների մոտ, որոնք ստիպված են լինելու վճարել։ Այսինքն կարևոր է պատկերացնել, թե գործնականում ինչի են վերածվելու միլիարդները։ Ֆինանսների նախարարն, իհարկե, թվարկում է մի շարք հրատապ ծրագրեր։ Բայց դա դեռ չի նշանակում, թե ֆինանսավորումը փոխարկվելու է պետական կարևորության արդյունքի։ Ամենևին։

Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչ արդյունքի են վերածվել այն միլիարդները, որոնք այս կառավարությունը պարտք է վերցրել անցած 4 տարիների ընթացքում։ Այստեղ կրկին անդրադառնանք թվերին։ 2018 թվականի սկզբին Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 2 մլրդ 660 մլն դոլար։ Փաստորեն, իր գոյության 4 տարիների ընթացքում այս կառավարությունը հաջողացրեց գրեթե եռապատկել այն ցուցանիշը, որը ձևավորվել էր ավելի քան 25 տարում։ Եվ ի՞նչ։ Հայաստանը ծաղկե՞լ է։ Կամ գուցե այդ գումարները վերածվել են պետական նշանակության ինչ-որ օբյեկտների՞։ Թե՞ այդ փողերը բարելավել են ժողովրդի բարեկեցությունը, որն այս ժամանակահատվածում (ըստ պաշտոնական վիճակագրության) ավելի աղքատացել է։

Թե ինչի համար են պետք վարկային նոր միջոցները պաշտոնյաներին ու գործող իշխանությանը, հասկանալի է։ Վարկեր առաջարկող ԵՄ-ի շահը նույնպես սկզբունքորեն հասկանալ կարելի է։ Միակ բանը, որ մնում է առեղծված, այն է, թե պե՞տք են արդյոք այդ միջոցները Հայաստանին ու նրա ժողովրդին։ Կարծես թե՝ ոչ…