Միրզոյան․ Կառուցողական չէ հայ-թուրքական հարաբերությունները կապել հայ-ադրբեջանականի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Թուրքիայի կողմից կառուցողական մոտեցում չէ հայ-թուրքական հարաբերությունները կապելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Միրզոյանը նման կարծիք հայտնեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
«Ուրախ ենք լսել Թուրքիայի իշխանությունների այն հայտարարությունները, որ պատրաստ են դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը. սա ողջունելի է։ Մյուս կողմից, մենք մոտեցումների տարբերություններ ենք տեսնում, որ թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանի, ամեն դեպքում մենք կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների միջև։ Կապ, որը Թուրքիան է փորձում գտնել և ընդգծել յուրաքանչյուր առթիվ»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ կան որոշակի տարբերություններ այն առումով, որ տարբեր պատկերացումներ ունեն նաև դրանց տեմպի մասին։
Sputnik Արմենիա