Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ. ՍՊԱՍԵՆՔ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի կարծիքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Փառուխի հետ կապված հայտարարությունից հետո առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:

«ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ Արցախի Փառուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի, ուշադրություն, դելիմիտացիայի արդյունքում: Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:

Հաշվի առնելով այն փաստը, որ Փառուխ գյուղը գտնվում է Արցախում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև՝ Արցախը», - նշել է Ղազինյանը։

Սա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, նշանակում է, որ Լավրովի պնդմամբ, Արցախն Ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի արդյունքում կլուծվի ոչ միայն Փառուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը:

«Սպասենք հետագա զարգացումներին...», - գրել է Ղազինյանը։

Aysor.am