Bloomberg․ Դանիան և Նիդեռլանդները դեմ են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը
Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կստանա ԵՄ-ի նախնական աջակցությունն անդամակցության ճանապարհին։ Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը կերաշխավորի Ուկրաինային տալ թեկնածուի կարգավիճակ, ինչը կարևոր քայլ է ԵՄ-ին անդամակցության երկար ճանապարհին, գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Երաշխավորությունը, որը պետք է քննարկվի և ընդունվի եվրահանձնակատարների կոլեգիայի կողմից, ուղեկցվելու է օրենքի գերակայության և հակակոռուպցիոն օրենսդրության հետ կապված պայմաններով։
Անդամակցության արագ ճանապարհ չկա, և Ուկրաինան դեռևս պետք է հաղթահարի կարևոր պետությունների առարկությունները, որոնք դեմ են դաշինքի ընդլայնմանը։
Եվրոպական հանձնաժողովի վերջնական որոշումը, անգամ եթե այն դրական լինի, կպահանջի անդամ պետությունների հավանությունը՝ նախքան Ուկրաինային պաշտոնապես կարգավիճակ տրամադրելը։ ԵՄ ղեկավարները պատրաստվում են հարցը քննարկել հունիսի 23-24-ին Բրյուսելում, և մի քանի երկրներ հայտարարել են, որ դեմ են այդ քայլին՝ ասելով, որ Ուկրաինային չպետք է առավելություն տալ մյուս թեկնածուներից։ Անդամակցության գործընթացը ներառում է քայլերի և պայմանների բարդ հավաքածու, որոնց կատարումը սովորաբար կարող է տասը տարուց երկար տևել։
Սպասվում է, որ Եվրահանձնաժողովի եզրակացությունը կտրվի հունիսի 17-ին։
ԵՀ ներկայացուցիչն ասել է, որ այս ուղղությամբ աշխատանքը շարրունակվում է։
Որոշ անդամ պետություններ, այդ թվում Նիդեռլանդները, մինչև այժմ դեմ են եղել Կիևի հայտին, այն դեպքում, երբ երկրների մեծ մասը, ներառյալ Իտալիան, կողմ են։
Բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնական անձանց խոսքով՝ երկրները, այդ թվում Լեհաստանը, Լիտվան և Նիդեռլանդները, չորեքշաբթի ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ հայտարարել են, որ ցանկանում են, որպեսզի ԵՄ ղեկավարները որոշում ընդունեն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու մասին։ Էստոնիան ընդգծել է Ուկրաինային հույս ներշնչելու անհրաժեշտությունը։
Գերմանիան հայտարարել է, որ արդյունքը կարող է լինել թեկնածուի պայմանական կարգավիճակը։
Դանիան, ըստ Bloomberg-ի, հայտարարել է, որ Ուկրաինան բավականաչափ չի համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք կապված են դեմոկրատիան, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնությունների հարգանքն ու պաշտպանությունը երաշխավորող ինստիտուտների կայունության հետ։ Կիևը պետք է «բարելավի իր օրենսդրական և ինստիտուցիոնալ բազան»՝ առաջընթացի հասնելու համար այս ուղղություններով։
Կոպենհագենում կարծում են, որ Ուկրաինան գտնվում է ԵՄ-ին անդամակցության «ընդհանուր առմամբ շատ վաղ փուլում»։
Թեկնածուի կարգավիճակը, եթե այն տրամադրվի, պաշտոնապես նշանակում է ԵՄ-ին անդամության գործընթացի մեկնարկ։ Խորվաթիան վերջին երկիրն է, որը միացել է ԵՄ-ին, և այդ գործընթացը տևել է 10 տարի, մինչև որ պաշտոնապես ընդունվել է ԵՄ 2013թ.։
News.am