ԵՎՐԱՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՎԵԼԻ՞ ՀԱՅ ԵՆ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եվրոպական խորհրդարանը հունիսի 8-ին ընդունել է Թուրքիայի վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի հետ այդ երկրի հարաբերություններին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Վկայակոչելով 2015 թվականի ապրիլի իրենց իսկ զեկույցը՝ պատգամավորները նորից կոչ են արել Անկարային ճանաչել Ցեղասպանությունը։ Դրա հետ մեկտեղ, Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ շփումներ սկսելու որոշմանը և կոչ արել Եվրամիությանը ակտիվորեն աջակցել այդ գործընթացին, իսկ Թուրքիային՝ ճանապարհ հարթել ժողովուրդների իրական հաշտեցման համար, ինչպես նաև ամբողջապես կատարել հայկական (և այլ) մշակութային ժառանգության պաշտպանության իր պարտավորությունները:
Նշենք եվս մեկ կարևոր փաստ. փաստաթղթում կոչ է արվում ԵՄ անդամ երկրներին դիտարկել «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունն արգելելու հնարավորությունը։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, եվրոպական կառույցը ևս մեկ անգամ հիշեցնում է Թուրքիային իր իսկ պատմության հանդեպ վստահության պակասի, ինչպես նաև իրականության հետ հաշտվելու անկարողության մասին: Կարելի է նշմարել Թուրքիայի վրա ճնշում գործադրելուն ուղղված քաղաքական ինչ-որ ենթատեքստ, սակայն ակնհայտ է, որ Ցեղասպանությունը ճանաչելու Եվրախորհրդարանի կոչը խոսում է համամարդկային արժեքներին հավատարմության մասին, ասել է Մելքոնյանը Aysor.am-ին տված հարցազրույցում, հավելելով, որ Թուրքիայի մենտալիտետում ոչ մի դրական փոփոխություն չկա, և ցեղասպան մտածողությունը շարունակում է համարվել դրա առանցքը։ Գիտնականը նշել է նաև, որ դա պետք է ևս մեկ ազդանշան լինի այն մասին, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջանի բացումը» ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ, և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները կտրված են իրականությունից:
Անկարայի վրա ճնշում գործադրելու նպատակով «քաղաքական ենթատեքստեր» հայտարարության մեջ, իհարկե, առկա են, այդուհանդերձ չի կարելի չնշել, որ Եվրախորհրդարանը նման կոչերով հանդես է գալիս կանոնավորապես, իսկ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու շուրջ ակտիվ բանակցությունների ժամանակաշրջանում Ցեղասպանության ճանաչումը անդամակցության պայմաններից մեկն էր։ Մյուս կողմից, հենց այսօր, երբ միջազգային հանրությունն ամեն կերպ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ հայկական կողմից արվող գոյաբանական զիջումների հաշվին, նման կոչն առանձնակի արժեքավոր ու ծանրակշիռ է թվում։ Առավելևս այն փաստի ակներևության խորապատկերին, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունների համար Ցեղասպանության ճանաչման հարցը, և ոչ միայն Թուրքիայի կողմից, այլևս գոյություն չունի։
Իսկապես, այդ ե՞րբ է Փաշինյանը, Միրզոյանը, Ռուբինյանը և դավաճանների թիմի «կարգավորման» գործընթացում այսպես թե այնպես ներգրավված ցանկացած այլ անդամ բարձրացրել այդ թեման։ Որոնեք համացանցում և կհամոզվեք. երբե՛ք: Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում միջազգային ճանաչման գործընթացն աստիճանաբար արգելակվել է, իսկ այսօր իսպառ բացառվել իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգից։ Վերջին անգամ դա արել է նախագահ Բայդենը՝ անցած տարվա ապրիլին, սակայն այստեղ կան մի շարք էական վերապահումներ։ Դրանցից գլխավորն այն է, որ ԱՄՆ-ի կողմից ճանաչումը բացառապես հայ համայնքի և լոբբիստական կազմակերպությունների վաստակն էր, իսկ ՀՀ իշխանությունները բացարձակապես ոչ մի առնչություն չեն ունեցել այդ փաստի հետ. ընդհուպ մինչև այն, որ, մի շարք փորձագետներ բացահայտմամբ՝ սրանք խոչընդոտել են ճանաչմանը։
Խունտայի անդամների ելույթներում եվ հայտարարություններում, առնվազն դրան հաջորդած մեկ տարվա ընթացքում, ոչ մի բառ և նույնիսկ ակնարկ չկա առ այն, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը հայկական արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից է, ինչպես դա եղել է տարիներ շարունակ. ըստ էության՝ անկախության առաջին իսկ տարիներից։ Այո, ՀՀ նախորդ բոլոր իշխանությունները չեն ներկայացրել դա որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, ինչպես սիրում է ընդգծել Փաշինյանը, սակայն ճանաչման ուղղությամբ հետևողական աշխատանքը միշտ եղել է ԱԳՆ-ի, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության կարևորագույն առաջնահերթությունը: Այսօր դրա նշույլն անգամ չկա, ինչը փորձագետներին տալիս է բոլոր հիմքերը՝ պնդելու, որ Հայաստանի իշխանությունները գաղտնաբար կատարել են թուրքերի բոլոր պահանջները, այդ թվում՝ հրաժարումը Ցեղասպանության միջազգային ճանաչման և փոխհատուցման գործընթացից։
2021 թվականի նոյեմբերին Փաշինյանը հանդես եկավ հերթական փարիսեցիական հայտարարությամբ. իբր՝ կցանկանար, որ Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես պատասխանեին մի հարցի. «Իրանք ուզո՞ւմ են հայ ժողովրդին ոչնչացնեն, հայկական պետականությունը ոչնչացնեն, շարունակեն հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Եթե այո, մեզ ի՞նչ ընտրություն ա մնում՝ բացի դիմադրությունը, եթե ոչ, ուրեմն իրենք ճիշտ են, որ պատմական շանս կա էս տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու: Եվ մենք պատրա՛ստ ենք»։
Դժվար է ասել, թե որն էր ավելի շատ այդ հայտարարության մեջ. ցինիզմը, թե երեսպաշտությունը, քանզի դա հնչեց Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան ագրեսիայից ընդամենը մեկ տարի անց։ Ավելին, 2020-ի դեկտեմբերին Էրդողանը գործնականում բաց տեքստով հայտարարեց 20-րդ դարասկզբին իր արյունարբու նախնիների սկսած գործը շարունակելու և ավարտին հասցնելու մտադրության մասին։ Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 10-ին, ելույթ ունենալով Բաքվում «հաղթանակի շքերթի» ժամանակ, նա կոչ արեց հայերին «խելքի գալ և դասեր քաղել Ղարաբաղում տեղի ունեցածից»։ Եվ ընդ որում օրհնություն հղեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ «Էնվեր փաշայի հոգուն»։
Փորձագետներն այն ժամանակ համակարծիք էին իրենց գնահատականներում. դրանով Էրդողանը հասկացնել տվեց, որ եթե հայերը չհամաձայնեն Թուրքիայի բոլոր պայմաններին, ապա Ցեղասպանության կրկնությունն անխուսափելի է։ Դա միանշանակ հասկացան բոլորը, բացի, ինչպես պարզվեց, Փաշինյանից, որը մեկ տարի անց դեռ «պատասխանի» էր սպասում Անկարայից ու Բաքվից։ Դե ինչ, «անհասկացող» Նիկոլին տրված հաջորդ պատասխանին երկար սպասելու հարկ չեղավ։
Դա տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլի 24-ին Ուրուգվայում, որտեղ այցով գտնվում էր Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն։ Սույն «դիվանագետը» պարզապես վերցրեց ու հրապարակավ ցույց տվեց «Գորշ գայլեր» ծայրահեղ արմատական ահաբեկչական կազմակերպության ժեստը Մոնտեվիդեոյում թուրքական դեսպանատան մոտ հավաքված հայ համայնքի անդամներին։ Ավելի միանշանակ, պարզ ու հստակ մեսիջ լինել չէր կարող, բայց հայկական իշխանությունները մեռյալ լռություն պահպանեցին՝ բարձրացած, ընդ որում ոչ միայն Հայաստանում, մեծ աղմուկի խորապատկերին։ Ուրուգվայի ԱԳՆ-ը վրդովմունք հայտնեց և բացատրություն պահանջեց Թուրքիայի դեսպանից, մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ը ոչ մի կերպ չարձագանքեց։
Փաշինյանն ու Միրզոյանը «չնկատեցին» թուրք նախարարի նողկալիության աստիճան ցուցադրական ու լկտի պահվածքը, իսկ մայիսի 3-ին Ռուբեն Ռուբինյանը, ասես ոչինչ չի պատահել, մեկնեց «կարգավորման» գործընթացի շրջանակներում Չավուշօղլուի աշխատակցի հետ երրորդ հանդիպմանը…
Տվյալ հոդվածում մենք գիտակցաբար շրջանցում ենք Ցեղասպանությունը շարունակելու մտադրությունների բոլոր այն ապացույցները, որոնք գրեթե ամեն օր տրամադրում է Ադրբեջանը՝ և՛ բանավոր սպառնալիքներով, և՛անթաքույց ցեղասպան բնույթի կոնկրետ գործողություններով։ Ընդ որում՝ և՛ Արցախում, և՛ Հայաստանում։ Բայց անհնար է հարց չտալ. ուրիշ էլ ի՞նչ պիտի անեն թուրքերը, որպեսզի հայկական իշխանությունները չտանեն երկիրն ու ժողովրդին անվերջանալի զիջումների կործանարար, մահաբեր ճանապարհով՝ հանուն պատրանքային «խաղաղության դարաշրջանի»։ Այս հարցի պատասխանը, թեպետ, պարզ է. Նիկոլն ու իր թիմը ամեն ինչ շատ լավ հասկանում են և միանգամայն գիտակցաբար են իրականացնում թուրքական օրակարգը։ Այդ թվում ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։
Ուրիշ ինչպե՞ս հասկանալ այն անժխտելի փաստը, որ հարաբերությունների կարգավորման թեմայով ելույթներից ոչ մեկում նրանցից ոչ մեկը նույնիսկ չի հիշատակում այդ հարցը։ Ուրիշ ինչպե՞ս հասկանալ Անթալիայի համաժողովում Միրզոյանի սկանդալային հայտարարությունն այն մասին, թե իբր՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն է տալիս հարևան երկրի հետ մերձեցմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, մինչդեռ բոլոր սոցհարցումները հակառակն են ցույց տալիս. Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 70%-ը, Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության վերջին տվյալների համաձայն, դեմ է արտահայտվում։ Ընդ որում նրանց գերակշիռ մասը կարգավորման գլխավոր նախապայման է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը պաշտոնական Անկարայի կողմից։
Բայց Հայաստանի դե ֆակտո իշխանությունների պետքը չէ։ Նրանք համառորեն շարունակում են ճամարտակել հատուկ ներկայացուցիչների հանդիպումների «անկեղծության» ու «արդյունավետության» և ամեն գնով խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին։ Այդ թվում, ինչպես արդեն ակնհայտ է, երկրի Սահմանադրության փոփոխման գնով, մասնավորապես՝ դրա նախաբանի, որը հղում է պարունակում ՀՀ Անկախության հռչակագրին։ Հիշեցնեմ, որ այդ փաստաթղթի 11-րդ կետն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Այսպիսով, կարելի է հերթական անգամ արձանագրել անհավատալին։ Եվրախորհրդարանը կրկին, ինչպես դա արվել է կանոնավորապես, վերջին բոլոր տարիների ընթացքում, պնդում է, որ Թուրքիան ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը։ Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները միտումնավոր լռության են մատնում այդ թեման, որպեսզի բավարարեն հայ ժողովրդի դեմ հրեշավոր ոճրագործության կազմակերպիչների ժառանգների գայլային ախորժակը, որոնք չեն էլ թաքցնում ցեղասպանությունը մինչև վերջ հասցնելու իրենց մտադրություններն ու ծրագրերը։