Արման ԹԱԹՈՅԱՆ․ «ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ» ՀՈԴՎԱԾԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՈՉ ԹԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ Է, ԱՅԼ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՔԱՅԼ
Քրեական նոր օրենսգրքից «Ծանր վիրավորանքի» հոդվածից հրաժարվելը ոչ թե Կառավարության մեծահոգությունն է, ինչպես ներկայացվում է, այլ հարկադրված քայլ։ Այդպիսի տեսակետ է հայտնել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Նախ, Քրեական նոր օրենսգրքի աշխատանքային խումբն ինքը նախագծում այդ հոդվածը չէր ներառել ու չէր էլ ներառելու:
Առհասարակ, երբ որպես Արդարադատության փոխնախարար` նախաձեռնեցի Քրեական այս նոր օրենսգրքի մշակումը, ստեղծեցինք աշխատանքային խումբ, որը համալրվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագետներով։ Աշխատանքային խումբն ի սկզբանե ձևավորվեց այնպես, որ դուրս լինի քաղաքական ազդեցությունից և որ բացառվի քաղաքական շահերի համար Քրեական օրենքի փոփոխությունը: Բայց, ինչպես տեսանք, «Ծանր վիրավորանքի» հոդվածի դեպքում իրավիճակը փոխվեց:
Այս հոդվածն ընդունվեց միայն քաղաքական որոշմամբ ու ընթացակարգային կոպիտ խախտումներով։ Այս կերպ Քրեական օրենսգիրքը ծառայեցվեց մեկ` «ՔՊ» կուսակցության քաղաքական շահերին:
Քանի որ կար քաղաքական որոշում, արհամարհվեցին Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային առարկություններն առ այն, որ այս հոդվածն առավել մեծ խնդիներ է ստեղծելու. թեև վիրավորանքն ինձ համար բացարձակ դատապարտելի երևույթ է, բայց այն ունի պայքարի այլ մեթոդներ, որոնցից առաջինը պաշտոնյաների ատելության բառապաշարի դեմ պայքարն է: Անտեսվեց, որ այս հոդվածը սկզբունքային առումով է հակասում մեր միջազգային պարտավորություններին:
ԱԺ-ում քաղաքական այս սխալ որոշումն ԱԺ կառավարող խմբակցությունն ու Կառավարությունն արդարացրին հակասահմանադրական քննարկումներով:
Այս ամոթալի, բացարձակ դատապարտելի հոդվածի պատճառով հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին հակասահմանադրական քրեական հետապնդումների և իրավունքների անհիմն, խտրական սահմանափակումների` սկսած մարդկանց ազատությունից զրկելուց ու արդար դատաքննությունից մինչև խոսքի ազատություն ու մասնավոր կյանքի պաշպանություն:
Այս oրենքի պատճառով քաղաքացիներին հայհոյող ու վիրավորող իշխանության պաշտոնյաներն ու նրանց աջակիցները դարձան արտոնյալ:
Այս oրենքը պարզապես կրակը գցեց Ոստիկանությանը, որը դարձել էր և դեռ շարունակում է մնալ հերթական անհեռատես ու դատապարտելի քաղաքական որոշման զոհը:
Այն ոչ միայն լուրջ խոչընդոտներ առաջացրեց լրագրողների համար, այլ նաև խորացրեց լրագրողների նկատմամբ կարծրատիպերը:
Այս բոլոր խախտումները բացարձակ հիմնավոր տեղ էին գտել Սահմանադրական դատարանի իմ դիմումում:
Հանուն մեկ կուսակցության քաղաքական շահերի` այսքան խնդիրների ու մեր քաղաքացիներին պատճառված զրկանքների համար ուղիղ պատասխանատու է 3 հիմնական դերակատար`
1. ԱԺ-ում այս հոդվածն ամրագրած օրենքի հիմնական զեկուցողը
2. Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, որը նաև օրենքի համազեկուցողն էր
3. Սահմանադրական դատարանում այս հարցով իմ դիմումի գործով զեկուցող դատավորը (որոշումը կայացվել է 2022թ. ապրիլի 29-ին)», - գրել է Թաթոյանը: