«Հրապարակ»․ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ
ԵՊՀ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի մահից հետո այցելել է Սիմոնյանների ընտանիքին և առաջարկել է հուղարկավորությունն իրականացնել Երևանի պետական համալսարանից, գրում է «Հրապարակը»։
«Սիմոնյանի ընտանիքը մերժել է այդ առաջարկը։ Այս իշխանությունը մեկ տարի շարունակ հալածում էր Արամ Սիմոնյանին և պարտադրում, որ հրաժարական տա, որպեսզի զավթեն ԵՊՀ ռեկտորի աթոռը և կարգեն Հովհաննես Հովհաննիսյանին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էին իրականացնում, վարկաբեկում և հալածում էին նրան, ուստի հասկանալի է ընտանիքի վերաբերմունքը»,- գրում է թերթը։
ԶԼՄ-ն տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել Հովհաննիսյանի հետ, որը լսել է հարցը և ասել` զբաղված է, չի կարող պատասխանել, սակայն Արամ Սիմոնյանի ընկերներից մեկը հաստատել է տեղեկությունը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը կյանքից հեռացավ հունիսի 8-ին: