Չալաբյանն ազատ չի արձակվի

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքն ԱԺ պատգամավորների երաշխավորությամբ փոխելու դիմումը։ Տեղեկությունը հայտնում է Չալաբյանի պաշտպանական խումբը։

Հայտնել էինք, որ դեռևս մայիսի 25-ին Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և «Արար» հիմնադրամը երաշխավորություններով դիմել էին գլխավոր դատախազին։

Այսպես, Չալաբյանի պաշտպանները հայտարարում են, որ դատախազը, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, հրապարակային անդրադարձից հետո ուղարկել է երաշխավորությունների վերաբերյալ մերժման որոշումը։

«Դատախազը, անտեսելով երաշխավորությունների ինստիտուտի օրենսդրական չափանիշը, որ իր որոշման հիմքում պետք է դնի երաշխավորություն տրամադրող անձի վստահություն վայելելու հանգամանքը, պարզապես նշել է, որ նախաքննության ներկա փուլում չեն վերացել և պահպանվել են մեղադրյալ Չալաբյանին կալանքի տակ պահելու հիմքերը։ Դատախազի եզրահանգումն ուղիղ հակադրվում է երաշխավորության ինստիտուտի օրենսդրական նշանակությանը»,-ասված է պաշտպանների հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ որոշումը բողոքարկվելու է դատական կարգով։ Չալաբյանի պաշտպանները կարծում են, որ գլխավոր դատախազի որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում գործող իշխանության պայմաններում քաղաքական գործերով քրեական արդարադատության ներպետական մեխանիզմներն անարդյունավետ են ու գործում են բացառապես ըստ քաղաքական նպատակահարմարութունների։

Sputnik Արմենիա