Լուրջ կասկածներ ունեմ, որ ոճրագործները ադրբեջանցիներ են․ Բաբայանը՝ Արթիկում տեղի ունեցածի մասին
Անհայտ անձինք գիշերը մտել են Արթիկ քաղաքի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։ Այդ մասին տելեգրամյան գրառում է արել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ կից հրապարակելով լուսանկար և նշելով, որ դրա մասին տեղեկացել է քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանի ՖԲ էջից։
«Քիչ առաջ հասարակական-քաղաքական գործիչ, գյումրեցի Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ անհայտ անձինք գիշերը մտել են Արթիկ քաղաքի վետերանների միության շենք, վնասել են գույքը, այրել են ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։
Այս առնչությամբ ծայրահեղ անհրաժեշտ եմ համարում, որպեսզի իրավապահ մարմինները խիստ սեղմ ժամկետներում բացահայտեն ոճրագործներին և ենթարկեն պատասխանատվության։ Ծայրահեղ անհրաժեշտություն եմ համարում, քանի որ լուրջ կասկածներ ունեմ, որ ոճրագործները ադրբեջանցիներ են, որոնք տեղակայվել են Հայաստանի Հանրապետությունում և նրանցից սպասելի է ավելի մեծ վտանգներ։
Կասկածներս հիմնված են այն հանգամանքի վրա, որ որևէ հայ իրեն այդպիսի արարք թույլ չէր տա»։
«Փաստինֆո»