ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐ. ԹՈՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՕՐԵՆՔԻՑ ՎԵ՞Ր ԵՆ

Կորոնավիրուսն ու համավարակը մի տեսակ աննկատ հեռացան անցյալի գիրկը։ Քչերն են արդեն հիշում այն հանցավոր-անլուրջ վերաբերմունքը ողջ աշխարհը ցնցած վարակի հանդեպ, որ ի սկզբանե դրսևորեցին ՀՀ իշխանությունները, և որը հանգեցրեց հազարավոր կյանքերի կորստի։ Երկրի հետ տեղի ունեցած գլոբալ մասշտաբի ողբերգական իրադարձությունների խորապատկերին արդեն մոռացվել է նաև Առողջապահության նախարարության կողմից կովիդի դեմ պայքարի գործընթացի ապաշնորհ, ապիկար կազմակերպումը։ Ինչպեսև այդ նպատակով պետբյուջեից հատկացված հսկայական գումարները։

Օրերս, սակայն, անսպասելիորեն պարզվեցին որոշ մանրամասներ, թե ինչպես են իրականում ծախսվել կառավարության պահուստային ֆոնդից COVID-ի կանխարգելման և բուժման համար հատկացված միջոցները: Հաշվեքննիչ պալատը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց համավարակի պարագայում Առողջապահության նախարարության կողմից բյուջետային ծախսված միջոցների ստուգման արդյունքների հաշվետվությունը: Այդ ամենը տեղի էր ունենում նախկին նախարարի՝ փաշինյանական թիմի ամենախորշելի անդամներից մեկի, ներկայումս պատգամավորի «համեստ» դերով բավարարվող Արսեն Թորոսյանի և նրա հովանավորյալի՝ նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայությամբ։

Նշենք որոշ տվյալներ Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունից, որոնք ներկայացրել են 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը և պալատի ղեկավար Ատոմ Ջանջուղազյանը (հիմնական աղբյուրը՝ News.am):

Կորոնավիրուսի կանխարգելման և բուժման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 26,5 մլրդ դրամ։ Բավարար ապացույցների հիման վրա փորձագետների խումբը հանգել է այն եզրակացության, որ արդյունքում չի իրականացվել անհրաժեշտ պլանային ոչ մի աշխատանք, չեն սահմանվել ծախսային որևէ ուղղություններ, իսկ որոշումների ընդունման ընթացքում չեն կիրառվել հաշվետվության սահմանված մեխանիզմները: Միջոցները չեն օգտագործվել նպատակային և տնտեսապես արդյունավետ կերպով, արձանագրեց Փափազյանը:

Այսպես, վերապրոֆիլավորված բուժհաստատությունում մեկ հիվանդի բուժումն արժեցել է միջինը 378 հազար դրամ, իսկ սովորական հիվանդանոցներում՝ 173 հազար դրամ, մինչդեռ մեկ օրվա ծախսը կազմել է համապատասխանաբար 37 և 34 հազար դրամ: Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է նաև 2371 դեպք, երբ ՊՇՌ-թեստերի արդյունքները տվյալների ընդհանուր բազա են մուտքագրվել դրանց անմիջական ստացումից մի քանի րոպե և նույնիսկ մի քանի օր առաջ:

«Համավարակի դեմ պայքարող բուժհաստատությունների ցանկում չընդգրկված հիվանդանոցների աշխատակիցներին ընդհանուր առմամբ վճարվել է 974 մլն դրամի աշխատավարձ։ Նրանց վճարվել են նաև 148 մլն դրամի պարգևավճարներ»,- տեղեկացրեց Փափազյանը։ Նշված ցուցակում չընդգրկված հաստատություններին շուրջ 1,8 մլրդ դրամ է հատկացվել շինարարության և գույքի ձեռքբերման համար, իսկ առողջապահության նախարարության համակարգում չընդգրկված կառույցներին (!)՝ ամբողջ 448 մլն։

26,5 մլրդ դրամից 3,5 մլրդ-ը հատկացվել է ոչ թե հիվանդների բուժման, այլ պարգևավճարների և շինարարական աշխատանքների համար։ Վերապրոֆիլավորված բուժհաստատությունների աշխատակիցներին 152 մլն դրամով ավելի շատ գումար են վճարել որպես աշխատավարձ, քան ի սկզբանե նախատեսված էր։

ՀՊ ղեկավար Ջանջուղազյանը հավելեց, որ բժշկական կենտրոններում նույնպես արձանագրվել են վճարման փաստեր առանց համապատասխան բուժծառայությունների մատուցման, դեպքեր, երբ կատարումը չի համապատասխանել ավելի վաղ վճարված գումարներին, ինչպես նաև մեկ հիվանդի համակարգչային տոմոգրաֆիայի համար բազմակի վճարումներ: Նրա խոսքերով, առանձին դեպքերում ՀՊ աշխատակիցներին չի հաջողվել կապ գտնել համավարակի դեմ պայքարի և արված ծախսերի միջև. օրինակ՝ վերելակի վերանորոգում հիվանդանոցում։

Ինչպեսեվ պետք էր սպասել, ներկայացված տվյալներին բավական բուռն ու ցավագին արձագանքեցին ոչ միայն Թորոսյանն ու Ավանեսյանը, այլև իշխող կուսակցության պատգամավորները, որոնք իրար հերթ չտալով հայտարարում էին, թե իբր՝ կովիդի դեմ պայքարում եղել են նաև հաջողություններ։ Ի պատասխան՝ Ա.Ջանջուղազյանը կոչ արեց չառաջնորդվել «ավիավթարի մասին դատողությամբ, երբ ասվում է՝ այսքան զոհ է եղել, բայց այսքան էլ ավիափոխադրումներ են տեղի ունեցել, որոնք բարեհաջող տեղ են հասել»: Նա նաև արձանագրեց, որ Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունում սակավաթիվ փաստեր են արձանագրվելյսինքն խախտումներն անհամեմատ ավելի շա՞տ են եղելԵվ առճակատ տվեց գլխավոր հարցը. ունեցե՞լ է արդյոք կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման և պայքարի մշակված ռազմավարություն: Հարցը, բնականաբար, մնաց անպատասխան։

Թորոսյանն ընդհանրապես հայտարարեց, թե նշված տվյալները շինծու են, իսկ վերանորոգումը, պարզվում է, ծայրաստիճան կարևոր էր հիվանդների բուժման համար։ Պալատի ղեկավարը հակադարձեց, որ «առնվազն պետք է հիմնավորվի, թե ինչու եք բուժհիմնարկի բակի բարեկարգման համար 136 մլն տրամադրել, դա ինչքանո՞վ է ազդել կորոնավիրուսի բուժման վրա»։ Դրան արձագանքեց Ավանեսյանը՝ հայտարարելով, թե խոսքը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասին է, որտեղ կոյուղու համակարգը փտած էր և բակի բարեկարգման անհրաժեշտություն էր առաջացել։ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ նկատի ուներ մեկ այլ բուժհաստատություն՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը։ Իսկ Թորոսյանը նեղացած հայտարարեց, թե «պալատը չգիտես ինչու չի արձանագրել, որ, ի տարբերություն ԵՄբավականին ապահովված երկրների բժիշկների, հայ բուժաշխատողները դիմակների կարիք պարզապես չեն ունեցել»... Թողնենք առանց մեկնաբանությունների:

Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը նիստի ընթացքում տեղի ունեցածի այսչափ մանրամասն շարադրման համար: Ակնհայտ է, որ եթե հաշվետվության մեջ բերված տվյալների թեկուզ կեսը համապատասխանում է ճշմարտությանը, ապա խոսքը շատ լուրջ իրավախախտումների և չարաշահումների մասին է։ Ինքը՝ Ջանջուղազյանը նշեց, որ այս բոլոր փաստերը պարզաբանումներ են պահանջում։ Իսկ մեր կարծիքով, զեկույցը պահանջում է իրավապահ մարմինների սևեռուն ուշադրությունը։ Մինչդեռ արդեն 5 օր է անցել, բայց ոչինչ չի լսվում այն մասին, թե Հաշվեքննիչ պալատի աշխատանքի արդյունքներով հետաքրքրվել է, ասենք, Գլխավոր դատախազությունը, կամ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Եվ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ կառավարական մարմնի աղմկահարույց հաշվետվությունը բարեհաջող կերպով մոռացության կմատնվի, ասես չեն էլ եղել հարյուր միլիոնավոր դրամների խախտումները Առողջապահության նախարարության կողմից։

Ինչո՞ւ։ Հարցն այս հռետորական է. որովհետև իշխանությունները պատասխանատվություն չեն պահանջում յուրայիններից և չեն պատժում նրանց. դե, հո Փաշինյանը չի պարզելու իր «հեղափոխական ընկեր» Թորոսյանի կամ հենց նույն Ավանեսյանի մեղավորության աստիճանը, որը վերևից ստացած հրահանգով ներբողներ է ձոնում գազազած ոստիկաններին։ Առհասարակ տարօրինակ է, որ այդ զեկույցը հրապարակվեց։ Ի՞նչ է դա, աչքաթողության հետևանք, թե՞ գուցե գիտակցված քայլ՝ թիմակիցներին սաձած պահելու համար, հիշեցնելով իրենց դեմ առկա պատկառելի կոմպրոմատի մասին։ Դա շատ բնորոշ է Փաշինյանին, բայց տվյալ դեպքում ուշադրություն դարձնենք մեկ այլ բանի։

Բառացիորեն նույն օրվա նույն ժամերին, երբ տեղի էր ունենում նիստն ԱԺ-ում, ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ և տարել նրան։ Ավելի ուշ պարզվել է, որ դա արվել է գրեթե երկու տարվա վաղեմության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գործի շրջանակներում։ Բերման ենթարկելու վերաբերյալ որևէ բացատրություն և նրան ներկայացվող ըմբռնելի մեղադրանքներ ԱԱԾ-ի կողմից այդպես էլ չեն հնչել։

Մայիսի 14-ին դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել հասարակական-քաղաքական հայտնի գործիչ ու բարերար, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ գործ հարուցելու համար հիմք է ծառայել մի ինչ-որ կայքի հրապարակած խիստ կասկածելի ձայնագրությունը, որում պնդում են, թե Չալաբյանը հանրահավաքներին մասնակցելու համար 1000-ական դրամ է վճարել ուսանողներին:

Այսինքն մի ամբողջ կառավարական մարմին՝ Հաշվեքննիչ պալատը, հրապարակավ հնչեցնում է բազմաթիվ ապացուցված փաստեր Առողջապահության նախարարության կողմից հարյուր միլիոնավոր դրամների լրջագույն ֆինանսական չարաշահումների վերաբերյալ, սակայն քրեական գործ հարուցելու մասին խոսք անգամ չկա։ Իսկ հայտնի և հարգված գործչին կալանավորում են կասկածելի ձայնագրության հիման վրա՝ առանց որևէ փորձաքննության

Նույնը կարելի է ասել, օրինակ, Նարեկ Մանթաշյանի մասին, որին արդեն կես տարուց ավելի ճաղերի հետևում են պահում նույն չարաբաստիկ օրը՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի դրոշը ծածանելու և, ըստ քննության վարկածի՝ ինչ-որ բան «գողանալու» համար։ Նույնը՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մասին, որին կալանավորել են այն մեղադրանքով, թե իբր՝ մեկ տարի առաջ նվաստացրել է քաղաքացիների ազգային արժանապատվությունը։ Կամ Մամիկոն Ասլանյանի, որը «մեղավոր» է նրանում, որ համարձակվել է հաղթել տեղական ընտրություններում։ Կամ դեռատի աղջկա, որին բերման են ենթարկել լոկ այն բանի համար, որ հայ գերիներին վերադարձնելու պահանջով պաստառ կար ձեռքին։ Եվ մնացած բոլոր մոտ 50 քաղբանտարկյալների մասին, որոնց Փաշինյանի «արդարադատությունը» բանտախուց է նետել պարզապես քաղաքական հայացքների համար։

Իսկ Անահիտ Ավանեսյանը, որին տոտալ իրավախախտումների մեջ մերկացրել է մի ամբողջ պետական կառույց, հունիսի 13-ին իր շեֆ Փաշինյանի հետ պաշտոնական պատվիրակության կազմում մեկնեց Քաթար, ասես ոչինչ չի պատահել։ Մի խոսքով՝ հանցակիցներ։