Սանոսյան պարզաբանեց, թե ինչու են վնասվել Տաթև-Կապան ճանապարհի հատվածները
Տաթև-Կապան ճանապարհի հատվածները վնասվել են այն պատճառով, որ դրանք կառուցվել են մեկ տարի առաջ՝ առանց ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն ընդհատելու։ Այս մասին հունիսի 15-ին Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին, պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Այդ ճանապարհին, ըստ նրա, բավականին բարդ ռելիեֆ և կավե շերտերից բաղկացած հող է:
«Ճանապարհի այդ երեք հատվածներից մեկում երեքի փոխարեն երկու շերտ ասֆալտ է փռվել, իսկ այդպիսի հաստությունը բեռնատարների համար նախատեսված չէ։ Մյուս հատվածներում ասֆալտը փռվել է տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների երթևեկությանը զուգահեռ։ Այդ իսկ պատճառով այդ տարածքներում ամենուր ասֆալտի երրորդ շերտ չի փռվել, և կապալառուները, համապատասխանաբար, դրա դիմաց չեն վճարվել»,- պարզաբանեց գերատեսչության ղեկավարը:
Այժմ, ինչպես նշեց նախարարը, երկու կապալառուները վերացնում են առկա բոլոր թերությունները։
«Մի շարք հատվածներում երկու մետր խորությամբ կավե շերտ պետք է փորվի, և կապալառուներն արդեն սկսել են այդ աշխատանքը»,- հավելեց Սանոսյանը։
Նա նաև հաստատեց, որ նախորդ օրը մի քանի ժամով փակվել է Տաթև-Կապան ճանապարհը։ Դա, ինչպես նշեց կառավարության ներկայացուցիչը, արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ դրանով ճանապարհային աշխատանքների համար նախատեսված խողովակներ էին տեղափոխվում:
Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի վերանորոգմանը զուգահեռ շարունակվում է Տաթև գյուղից Լծեն գյուղ տանող հիմնական ճանապարհի կառուցումը, որը Կապանը դեպի Երևան տանող մայրուղու հետ կապող ևս մի այլընտրանքային երթուղի կդառնա։
News.am