Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ Է ՆՄԱՆ ՍՏԵՐ ՏԱՐԱԾԵԼՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սուտ է որակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իբր 1998–2018թթ.–ին իշխանությունները բանակցություններում քննարկում էին Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ընդգրկելու հնարավորությունը։

 


«Նպատակը մեկն է՝ ճակատից մաքրել Ղարաբաղը հանձնողի խարանը։ Եթե նախորդ իշխանությունները համաձայնել էին Ղարաբաղը տալ Ադրբեջանին, բա ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում, որովհետև Նիկոլը սուտ է փչում։ Որովհետև նման համաձայնություն չի եղել Հայաստանի կողմից և 2007–ից հիմնաքարերը դրած, իսկ Սերժ Սարգսյանի օրոք զարգացրած բանակցային ամբողջ տրամաբանությունը հետևյալն էր, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև լուծման հիմնարար սկզբունքներից մեկը՝ ազգերի ինքնորոշման իրավունքն է։ Այդ երեք սկզբունքները անբաժանելի են և փաթեթային լուծման մեջ են, սրա մասին բազմիցս հայտարարվել է Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ։

Հայկական կողմը բանակցել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչման, երաշխավորման մեխանիզմների շուրջ՝ ի թիվս այլ սկզբունքների։ Բանակցային գործընթացը Սերժ Սարգսյանի օրոք միտված է եղել այն տրամաբանությամբ, որ ոչ թե ինչ ենք մենք տալու, այլ ինչ ենք ստանալու, իսկ մենք ստանալու էինք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորում, իրագործման մեխանիզմներ և միջազգային հանրության կողմից անգամ միջանկյալ կարգավիճակի դեպքում վավերացված կարգավիճակ»,– News.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «եթե նախկինում բանակցություններում հայկական կողմի հայեցակարգի հիմքում ընկած էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որից բխում էին Ղարաբաղի բնակչության անվտանգության իրավունքներն ու երաշխիքները, ապա այժմ հիմքն իրավունքներն ու անվտանգությունն են, որից բխում է արդեն կարգավիճակը»։ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ստորացնում է նման ստեր տարածելով։

«Մադրիդյան հիմնարար սկզբունքների մեջ կարգավիճակի հարց կա՞ր, հիմնարար սկզբունքների մեջ իրավունքի հարց է դրած, մենք ենք դրել այդ հարցը, ինքնորոշման իրավունքը իրավունք է և Արցախի ժողովրդի քաղաքական կարևորագույն իրավունքն է։ Մեր թողած փաթեթում կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ կարգավիճակի գերակայություն չկար, կար իրավունքի գերակայություն, որով Արցախի ժողովուրդը կորոշեր իր կարգավիճակը։ Այդ նույն փաթեթի մեջ գրած էր, որ այդ հանրաքվեն ունենալու է պարտադիր իրավական ուժ և սահմանափակված չի լինելու որևէ բանով»,– ասաց նա։

News.am