«Հրապարակ». ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ, ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ, ՓՈՂՈՑԻՑ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ երկու ամիս Ֆրանսիայի հրապարակում հիմնավորված խորհրդարանական ընդդիմությունը վրանները հավաքելուց հետո պայքարի նոր մարտավարություն է ընտրել՝ շարունակելու են իշխանության դեմ պայքարը փողոցում, առնվազն մինչև օգոստոսի 2-ը: Այդ օրը լրանում է վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակման մեկ տարին, որից հետո ընդդիմությունը հնարավորություն է ստանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:
Մինչև մեկ տարին օրենսդրությունը թույլ չի տալիս անվստահության գործընթաց: Այսինքն՝ օգոստոսի 2-ից հետո ընդդիմության պայքարը, ըստ ամենայնի, փողոցից կտեղափոխվի խորհրդարան:
Մեզ ասացին, որ ընդդիմությունը մտադիր է բանակցել տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՔՊ-ականների հետ, իմպիչմենթը գլուխ բերելու համար: Խորհրդարանում այն իրականացնելու համար ընդդիմությանը մոտ 25 ձայն է պակասում, իսկ ՔՊ-ում կա Նիկոլ Փաշինյանից դժգոհ զանգված, որը չի բացահայտվում, որովհետև վախենում են Փաշինյանի պատժիչ սանկցիաներից: Սակայն մինչ այս մասսան կհաղթահարի իր վախը, մտավախություն կա, որ մինչև սեպտեմբեր Փաշինյանը կստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը: Իսկ մինչև օգոստոսի 2-ը շարժումը որոշել է գործունեություն ծավալել նաև մարզերում»։