ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ STARMUS VI ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի Starmus VI միջազգային փառատոնը՝ նվիրված Մարսի վրա «Մարս-3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին։

Փառատոնի շրջանակներում երկիր կայցելեն աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ, տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ։

Փառատոնի ծրագիրը նախատեսում է գիտաժողովների, տարբեր գիտական և մշակութային համաժողովների անցկացում։ Միջազգային փառատոնը նպատակ ունի ոգեշնչել և կրթել գիտնականների նոր սերնդի։ Starmus ֆորմատը եզակի է նրանով, որ հանրահռչակում է գիտությունը, մոտեցնում է գիտությունը երիտասարդությանը՝ միավորելով այն արվեստի ու երաժշտության հետ։

Հայաստանում Starmus համաշխարհային փառատոնի ծրագրում տիեզերքն է, տեխնոլոգիաները, գիտությունը, արվեստը և երաժշտությունը։

Starmus փառատոնի շնորհիվ սեպտեմբերին Հայաստանը կդառնա գիտության, տեխնիկայի, արվեստի և երաժշտության համաշխարհային կենտրոն, որտեղ կմասնակցեն մեծ գիտնականներ և աստղեր։

Փառատոնը կներառի հետևյալ միջոցառումները.

·        «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» համաժողով՝ շուրջ 7000 մարդու մասնակցությամբ

·        Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողություն, որն ամբողջ աշխարհում ճանաչվել է որպես գիտությունների հանրահռչակման համար «Օսկար»

·        «Կլոր սեղանի 108 րոպե»՝ Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ

·        Star Party հատուկ միջոցառում՝ աշխարհահռչակ հյուրերի մասնակցությամբ, որը կանցկացվի Գառնիում։ Այստեղ փառատոնի շրջանակներում կտեղադրվեն Հայաստան բերված մեծ թվով աստղադիտակներ

·        «Գիտական ճամբար» (Science Camp) հատուկ միջոցառման շրջանակներում Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնին հարող տարածքը մեկ շաբաթով կվերածվի տեխնոլոգիաների լայնածավալ կենտրոնի, որտեղ 20 մեծ թեմատիկ տաղավարներում կներկայացվեն գիտության վերջին նվաճումները, տեղի կունենան համերգներ։ Սպասվում է մոտ 100 000 այցելու Երևանից, մարզերից և Ղարաբաղից

·        «Տիեզերական տեխնոլոգիաներ» (Space Technologies) երկօրյա համաժողով, որին կմասնակցեն շուրջ 20 աշխարհահռչակ բանախոսներ, այդ թվում՝ Satlantis ընկերությունից։

Կարևոր միջոցառումների շարքը ներառում է հայաստանյան բուհերի մասնակցությամբ ծրագիր, որի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու աշխարհահռչակ գիտնականների դասախոսություններին։ Բացի այդ, Աղվերանում կկազմակերպվի աստղային լուսանկարչության դպրոց։

Մասնակցության մատչելի պայմաններ

Ի տարբերություն Եվրոպայի, որտեղ փառատոնի տոմսերի արժեքը հասել է 700 եվրոյի, որոշվել է հայկական փառատոնի համար սահմանել ամենացածր մատչելի գինը՝ մասնակիցների համար 25 000 դրամ (50 դոլար), իսկ ուսանողների համար՝ 20 000 դրամ։ Բոլոր գիտաժողովները կսկսվեն ժամը 15:00-ին և տեղեկատվության ներկայացման տեսանկյունից հասանելի կլինեն նույնիսկ դպրոցականների համար։

Աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հեղինակ և գլխավոր կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, որ սովորաբար մասնակիցների 90 տոկոսը կապ չունի գիտության հետ և ցանկանում է ծանոթանալ գիտական նվաճումներին։

Աստղային կազմ

Փառատոնի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ տիեզերագնացներ Չարլզ Բոլդենին, Քրիս Հեդֆիլդին, Ջիմ Բաղյանին, Ջորջ Նիլդին, Չառլի Դյուկին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էդվարդ Մոզերին, Քիփ Թորնին, Էմանուել Շարպանտյեին։ Բացի այդ, Հայաստան կժամանեն հայազգի ամերիկացի կոմպոզիտոր Դերեկ Շերինյանը, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը և այլ ականավոր մարդիկ։ Ջիմ Բաղյանի մասնակցությամբ 1500-2000 դպրոցականների համար կկազմակերպվի դասախոսություն։

Իսրայելյանը հույս հայտնեց, որ փառատոնին կմասնակցի նաև Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, և հենց ինքն է այս միջոցառումը Հայաստանում կազմակերպելու նախաձեռնողը։ «Ես խնդրեցի Արմեն Սարգսյանին մասնակցել: Նա առողջական խնդիրներ ունի, որոնք հուսով եմ՝ կլուծվեն, և նա կարող է միանալ մեզ»,- հավելեց նա։

Խնդիրներ, նպատակներ, ակնկալիքներ

Starmus-ն արդեն հասցրել է հանրաճանաչ և պահանջված դառնալ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ բարձր են գնահատում գիտությունը և դրա նկատմամբ հանրային, մեդիա և պետական հետաքրքրություն են ցուցաբերում։

Այդ վայրերից մեկը, ըստ փառատոնի կազմակերպիչների, Նորվեգիան է, որտեղ մասնակցել է 50 000 մարդ, իսկ միջոցառումները լուսաբանել են 150 լրատվամիջոցներ։

Գիտնականն ասաց, որ մասնակցելու հրավերներ են ստացվել ԱՄՆ-ից և Եվրոպայի որոշ երկրներից՝ հույս հայտնելով, որ նույնպիսի հետաքրքրություն Հայաստանում կդրսևորվի, այդ թվում՝ բիզնեսի և մամուլի կողմից։

Իսրայելյանը նշեց Հայաստանում միջոցառումների անցկացման կարևորությունը՝ դեպրեսիայից դուրս գալու համար, հատկապես հայ երիտասարդներին, որոնք մշտապես բացասական տեղեկատվություն են ստանում մամուլից և բառիս բուն իմաստով լրատվական ռմբակոծության են ենթարկվում։

«Եթե ես երիտասարդ լինեի, հավանաբար նույնպես կմտածեի Հայաստանից հեռանալու մասին։ Ամեն ինչ սահման ունի։ Թող ոչ ոք ինձնից ավելի հայրենասեր չլինի։ Հայրենասիրության դրսևորումներից մեկը գիտությամբ զբաղվելն է։ Չի կարելի միայն քաղաքականության ու պատերազմի մասին խոսել, սա մեզ կհանգեցնի կործանման, պետք է գնալ գիտության ու կրթության ճանապարհով։ Հենց դա կապահովի ապագան։ Կարևոր է բուհերում վերականգնել աստղաֆիզիկայի ամբիոնները, դպրոցներում անցկացնել համապատասխան պարապմունքներ»,- հավելեց նա։

Նրա գնահատմամբ՝ եթե այնպիսի իրադարձությունը, ինչպիսին Starmus-ն է, կարևոր տեղ չի զբաղեցնում տեղեկատվական դաշտում, դա նշանակում է, որ երկիրը կործանման ճանապարհին է, այդպիսի երկրին պետք է փրկել։

«Հատկանշական է, որ Հայաստանից ոչ մի հովանավոր չկա, մինչդեռ այլ երկրներում աջակցություն ենք ստանում ինչպես տեղական բիզնեսից, այնպես էլ լրատվամիջոցներից»,- ընդգծեց նա։

Միջոցառման կազմակերպիչները նախատեսում են մի քանի աստղադիտակ նվիրել հայկական դպրոցներին և այցելել Բյուրականի աստղադիտարան։

Փառատոնի շրջանակներում 100 հոգու համար ժամանակավոր պլանետարիում կկազմակերպվի։

Իսրայելյանը հիշեցրեց, որ Ղարաբաղում և Երևանում մեծ պլանետարիումներ բացելու ծրագրեր կային, սակայն ֆինանսավորման և այլ պատճառներով գաղափարը չհաջողվեց իրականացնել։

News.am