Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստը
Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը։
Նիստը բացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Իր ելույթում նա շնորհավորել է ներկաներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ` հայտարարելով, որ այս հոբելյանը կարևոր հանգրվան է ռազմաքաղաքական կառույցի հետագա զարգացման գործում։
Նա հաջողություններ է մաղթել մասնակիցներին կազմակերպության շրջանակում համատեղ աշխատանքների ժամանակ։
Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նիստին նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ անդամ պետությունների մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացման միջոցառումները։
ԱԽ քարտուղարների կոմիտեի հաստատմանն է ներկայացվելու 2023 թվականի համար ՀԱՊԿ անվտանգության համակարգի կառավարման մարմինների, ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանը և մի շարք այլ փաստաթղթեր։
Սպասվում է, որ հանդիպման ավարտին ԱԽ քարտուղարները հանդես կգան հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը նախագահում է Հայաստանը։
Sputnik Արմենիա