ՀՀ կառավարությունը ոստիկանությանը լրացուցիչ 2 մլրդ գումար է հատկացրել

ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ ոստիկանության տարեկան բյուջեն ավելացվել է ավելի քան 2 մլրդ դրամով։

Դրա հիմնական մասը` 1 մլրդ 980 մլն դրամը` ոստիկանության ծառայողների աշխատավարձերն ու հավելավճարներն են, 215 մլն 100 հազարը` սննդի ապահովման գումարը։

Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման, սակայն կառավարության կայքում հրապարակված նախագծում նշված է, որ աշխատավարձերի ու հավելավճարների ավելացումը պայմանավորված է Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում պարեկային ծառայության նոր ձևավորված ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերի ապահովման նպատակով։

«Առկա հատկացումները, պայմանավորված անձնակազմի ներկայիս փաստացի թվաքանակով, բավարար չեն 2019-2021 թթ-ին ըստ առանձին պաշտոնների խմբերի տարեկան հաշվարկով ձևավորված անվանական աշխատավարձերի չափերի պահպանմանը։ Այլ հավասար պայմաններում ստեղծված իրավիճակը կհանգեցնի տարեկան հաշվարկով անվանական աշխատավարձերի չափերի նվազեցմանը, որը թույլ չտալու համար առաջարկվում է լրացուցիչ հատկացնել 1.980,0 մլն դրամ»,- ասված է որոշման նախագծում:

Ինչ վերաբերում է 215 մլն դրամին, հրապարակված նախագծի համաձայն` այդ գումարն անհրաժեշտ է ոստիկանության արտաքին ծառայությունում ընդգրկվող անձնակազմի ճաշարանային տարածքներից դուրս սննդի ապահովմանը` օրական 3 անգամ, 2970 դրամ մրցութային գնով։

Sputnik Արմենիա