Լավրովն ու Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Կողմերն ընդգծել են 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարությունների կատարմանն ուղղված համապատասխան աշխատանքի իրականացման կարևորությունը։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել այդ հարցերի առարկայական քննարկումը Լավրովի` Բաքու կատարելիք աշխատանքային այցի ընթացքում:

ՌԴ արտգործնախարարն Ադրբեջանում է լինելու հունիսի 23-24-ին։

Sputnik Արմենիա