«Ժողովուրդ»․ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՄՊՐՈՒԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է. Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ ԿԱՌՈՒՅՑՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանի առաջադրումը, որպես ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, «շոկային» է եղել գլխավոր դատախազության աշխատակիցների և Արթուր Դավթյանի թիմակիցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Մինչև վերջին պահը դատախազությունում հույս են ունեցել՝ միգուցե քաղաքական իշխանությունը կրկին կներկայացնի Արթուր Դավթյանի թեկնածությունը, սակայն հույսերը չեն արդարացել»,– գրում է թերթը:

«Ժողովուրդը» նաև հայտնում է, որ դատախազությունում կարծես թե ճամպրուկային տրամադրություններ են։

Օրաթերթի տեղեկություններով՝ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ անգամ քննարկում է եղել, որ դատախազի փոփոխությամբ համակարգում առաջին դեմքերի փոփոխություններ կլինեն, ուստի պետք է պատրաստ լինեն սպասվող փոփոխություններին։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այդ պաշտոնում Վարդապետյանի պաշտոնական առաջադրումը սկսվել է հունիսի 15-ից և ունի տասնօրյա ժամկետ։

Դեռ նախորդ տարի Վարդապետյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած մի դեպք էր տեղի ունեցել. տեսանյութ էր շրջանառվում, որում երևում է` Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը, հանձնարարականներ տալիս Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։ Կոնջորյանն ի պատասխան նշեց, թե Վարդապետյանը գործել է իր լիազորությունների տիրույթում։

Հավելենք, որ ԱԱԾ-ն մերժել էր վերոհիշյալ դեպքով քրգործ հարուցել։

Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերին։

Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։

Sputnik Արմենիա