Արսեն ԲԱԲԱՅԱՆԸ՝ ՊՊԾ ՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԳՈՐԾ ՉՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ․ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԻԾԱՂԵԼԻ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քննչական ծիծաղելի աճպարարությունը. Կարդում եմ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և MediaHub.am-ի լրագրողի և օպերատորի միջև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում կատարված դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչը որոշումը և շատ տարօրինակ հանգամանքներ բացահայտում: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա նաև նշել է. «Պարզվում է, որ ՊՊԾ բոլոր այն ծառայողները, որոնք եղել են դեպքի ականատեսներ, իրենց բացատրություններում հստակ նշել են, որ կատարվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործություն:

Առանց որևէ բացառության բոլոր ՊՊԾ ծառայողներն իրենց բացատրություններում պնդում են, որ կոնկրետ ծառայակիցը փակել է տեսախցիկի օբյեկտիվը, որպեսզի հնարավոր չլինի նկարահանել և լուսաբանել իրադարձությունը (ՊՊԾ պետի գործունեությունը): Բացի դրանից նրանք պնդում են, որ փորձել են հեռացնել լրագրողին դեպքի վայրից, սակայն լրագրողը և օպերատորն այդպես էլ չեն հեռացել: Կարդում ես ու մտածում, թե լավ, բա էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ արարքը դառնա լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում:

Այս ամենից հետո քննիչը եզրահանգել է, թե հանցագործություն տեղի չի ունեցել: Շուտով բողոքը պատրաստ կլինի և կտեսնենք, թե դատախազությունում մնացե՞լ է արդյոք մասնագիտական արժանապատվությունը:

Քննիչի որոշումը բացահայտ ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ»։

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ընդդիմության ակցիայի ժամանակ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը խոչընդոտել է լրագրողի և օպերատորի աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։

Խնդրին անդրադարձել և տեղի ունեցածը դատապարտել են լրագրողական կազմակերպությունները, Ժուռնալիստների միությունը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:

News.am