Բաբայան․ Արցախը չի կարող և չի լինի Ադրբեջանի կազմում

Արցախը չի կարող և չի լինի Ադրբեջանի կազմում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Կարծում եմ՝ հայ ժողովուրդը և պաշտոնական Երևանը դա հիանալի հասկանում է։ Մենք կանգնելու ենք մինչև վերջ։ Եվ երբեք չենք անցնի կարմիր գծերը»,- ընդգծել է նախարարը։

Պատասխանելով կարգավիճակի մասին հարցին՝ Բաբայանը փաստել է, որ հարցը շատ բարդ է՝ հաշվի առնելով հենց հակամարտության բարդությունը, որը բարդությամբ հավասար է իսրայելա-պաղեստինյանին։ «Կարճ ժամկետում հասնել կարգավորման չի հաջողվի։ Հետևաբար, պետք է իրատես լինել և հասկանալ, որ համապարփակ և վերջնական կարգավորումը հեռավոր ապագայի գործ է։ Դրա համար պետք է պահպանել և փայփայել Արցախը, և դե-ֆակտո նրա անկախությունը պահպանելու հնարավորություններ կան»,- նշել է Բաբայանը։ Պատասխանելով Հայաստանում կառավարող կուսակցության ներկայացուցիչների արտահայտած կարծիքների մասին հարցին, որոնց էությունը հանգում է այն բանին, որ անվտանգությունը կարգավիճակից ավելի կարևոր է, Բաբայանն ընդգծել է. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում կամ ինչ-որ կերպ կախված լինել նրանից։ Ադրբեջանը պնդում է իրենը՝ ասելով, որ Արցախ գոյություն չունի։ Մենք մերն ենք ասում, և մեզ հետ համաձայն են ԵԱՀԿ ՄԽ-ն և միջազգային հանրությունը, նշել է Բաբայանը։

News.am