Վարդազարյանի լիազորություններն ուզում են դադարեցնել Արթուր Դավթյանին ԲԴԽ նախագահ նշանակելու համար
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին Նիկոլ Փաշինյանի անունից առաջարկվել է հրաժարական ներկայացնել ու գնալ։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ինքը՝ Ռ. Վարդազարյանը՝ հրապարակելով Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ խոսակցության ձայնագրությունը։
«Այս ձայնագրությունը եղել 2021թ. փետրվարի 20-ին։ Խոսքը նրանում է, որ այն ժամանակ վարչապետի անունից ինձ առաջարկվել է հրաժարական տալ և գնալ։ Պատասխանել եմ, որ մինչև մարտի 1-ը ինձ ժամանակ է պետք, որովհետև գործուղում ունեմ Մոսկվա և ամսի 1-ին կհանդիպեմ վարչապետին, ու եթե պահանջ կա հրաժարականի, ապա պետք է իրենից լսեմ, ոչ թե երրորդ-չորրորդ մարդու միջոցով»,- ասել է Վարդազարյանը՝ նշելով, որ Ջհանգիրյանը, փաստացի, հայտարարել է, որ կարող է երաշխավորել, որ Վարդազարյանի նկատմամբ որևէ հետապնդում չի հարուցվի, եթե նա հեռանա։
Ավելին, Ջհանգիրյանը խոստացել էր, որ սահմանված ժամկետում ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր, ինչպես նաև կմնա որպես ԲԴԽ անդամ։
«Այսինքն՝ ստացվում է, որ եթե տամ հրաժարական, ապա չկա կարգապահական խախտում, եթե չտամ ուրեմն կա կարգապահական խախտում»,- հայտարարել է Վարդազարյանը՝ նշելով, որ այսօր խնդիր է դրվել անհապաղ դադարեցնել իր լիազորությունները, որպեսզի ԲԴԽ անդամ, հետագայում նաև ԲԴԽ նախագահ նշանակվի Արթուր Դավթյանը, ում պաշտոնավարման ժամկետը՝ գլխավոր դատախազի պաշտոնում, լրանում է։
«Փաստինֆո»