Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ․ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԱԾ ԵՆ․ ԿՈՒՐԱՏՈՐԸ ԵՂԵԼ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ

Գագիկ Ջհանգիրյանի ամբողջ կենսագրությունն, իմ գնահատմամբ, հանցագործություն է, բայց այսօր բացահայտվեց մի բան՝ նա ԲԴԽ-ի նախագահի պաշտոնակատար դարձավ հստակ հանձնառությամբ, պատվերով և առաջադրանքով այն է՝ ընտրությունները կեղծելու իր երկարամյա փորձառությունը կրկնել 2021 թվականի ընտրությունների ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Նա այդ գործն արեց փառավորապես, ինչպես արել էր նախկին ժամանակներում։ Այսինքն՝ 2021 թվականի ԱԺ ընտրությունները կեղծված են, և դրա կուրատորը եղել է պարոն Ջհանգիրյանը։ Նա եղել է նաև դատական համակարգը քանդել-ավիրելու հեղինակը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն է հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։

Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հայտարարություններ է անում։ Նա ասում է, որ չի ցանկանում,՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետ գա։

Aysor.am