2022-06-21 17:27
Լրատվական գործակալություններ
Երևանի N22 դպրոցը անվանակոչվել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի մասնակցի անունով
Երևանի N22 դպրոցը անվանակոչվել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անունով։ Համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 21-ին՝ Երևանի ավագանու նիստում։
Արշակյանը զինվորական ծառայությունն ավարտել է 2020 թվականի օգոստոսին, նրան շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում։ Սեպտեմբերի 28-ին կամավորական ջոկատ է կազմել ու մեկնել Մատաղիս։
Նոյեմբերի 5-ին մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել երկու վիրավորում, պայքարը շարունակել մինչև գիտակցությունը կորցնելը, այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։
Գևորգ Արշակյանը Ղարաբաղի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայությունների համար» մեդալով։
News.am